ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Բերդ համայնք

Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ: Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին Բերդի համայնքապետարանում անցկացրեցին քաղաքացիների ընդունելություն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն իրազեկեցին քաղաքացիներին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունների, Պաշտպանին դիմելու և աջակցություն ստանալու իրավունքի, մարդու իրավունքներին առնչվող այլ  հարցերի մասին։

Քաղաքացիները տեղում ստացան անհրաժեշտ խորհրդատվություն և դիմումներ  ներկայացրին Պաշտպանին։

Նշենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բոլոր մարզերում դեկտեմբերի 10-ին կազմակերպվել են այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ: