Մոնթեականները․ ճանապարհ դեպի երազանք

Նազելի և Լաուրա Հովհաննիսյաններն ուսանում են Մոնթե Մելքոնյանի անվան
ռազմամարզական վարժարանի առաջին կուրսում։ Քույրերը նույն երազանքն ունեն՝ պատվով կրել մոնթեականի կոչումն ու ապագայում դառնալ հայրենիքին արժանի սպա։ Նրանք գիտեն նաև իրենց բաղձալի երազանքին հասնելու ճանապարհը.
Պետք է շատ լավ սովորենք, հաստատակամ լինենք ու համառ դժվարությունները հաղթահարելիս։
Նազելի և Լաուրա Հովհաննիսյանները կրթօջախի մասին տեղեկացել են հանրակրթական դպրոցում սովորելիս։ Երբ առաջին անգամ ոտք են դրել վարժարան, արժանացել են ջերմ ու սրտաբաց վերաբերմունքի, ինչն էլ ամրապնդել է կրթությունը հենց այստեղ շարունակելու նրանց որոշումը: Աղջիկներին դուր է եկել նաև կրթօջախի աչք շոյող, կոկիկ տեսքն ու մաքրությունը։
Շուրջբոլորն այնքան գեղեցիկ ու տրամադրող էր, որ անմիջապես որոշեցի՝ սա այն վայրն է, որտեղ ուզում եմ շարունակել իմ հետագա կրթությունը, – ասում է Նազելին, Լաուրան էլ հավելում է.
Հետագայում պարզվեց, որ առաջին տպավորությունը խաբուսիկ չէր. սպաներն ու ուսուցիչները շատ հոգատար ու սրտացավ են յուրաքանչյուրիս նկատմամբ։ Նրանք ամեն ինչ անում են, որ մենք ընտանիքից հեռու լինելով՝ որևէ խնդիր չունենանք։
Լաուրան ավագն է. վարժարանում սովորելու նրա հեռահար նպատակը սպա դառնալն է։
Հավասարակշռված է, զգոն, հավաք։ Հանրակրթական առարկաներից սիրում է մայրենի և օտար
լեզուները, պատմությունը։
Սպա դառնալ է երազում նաև Նազելին: Նա եռանդուն է, աշխատասեր, համառ, ջանք չի խնայում,
որ կարողանա վարժարանում սովորել բարձր առաջադիմությամբ ու աչքի ընկնել իր լավագույն
կողմերով:
Վարժարանն այն հիմքն է, որի վրա կառուցելու ենք մեր զինվորական ուղին, – վստահ ասում են քույրերը, – այստեղ դաստիարակվում ես ամեն քայլափոխի, միջավայրը, ավագների օրինակը, առօրյան քեզ պատասխանատվություն, նվիրում, ընկերասիրություն ու համառություն են հուշում, վարժեցնում թիմային մտածողության ու աշխատանքի։
Վարժարանում հաճախ են աղջիկներին միասին տեսնում։
Նրանք կամքի, տոկունության, պարկեշտության ու կարգապահության օրինակ են, – այսպես են բնութագրում ուսուցիչները Հովհաննիսյան քույրերին։
Լաուրան և Նազելին ձեռք ձեռքի տված քայլում են դեպի բարձունք։ Իսկ բարձունքում նրանց
նվիրական երազանքն է՝ դառնալ կիրթ, բանիմաց, արժանապատիվ սպա ու անմնացորդ
նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանը։
Հեղինակ՝ Լաուրա Մամյան: