Նախադպրոցական կրթություն․ եռօրյա համաժողով՝ Երևանում և Տավուշում

Երեխայի կրթությունը սկսվում է շատ ավելի վաղ, քան դպրոցական առաջին զանգը։ Հենց նախադպրոցական տարիքում են ձևավորվում այն հմտություններն ու արժեքները, որոնք հետագայում դառնում են անհատի զարգացման հիմքը։ Այս փուլում ձևավորվող կրթական միջավայրի որակը, ժամանակակից մոտեցումներն ու մասնագիտական աշխատանքն առանցքային նշանակություն ունեն երեխայի լիարժեք զարգացման համար։
Հոկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկեց, ապա Տավուշում շարունակվեց «Նախադպրոցական երեխային ընդառաջ» ամենամյա 6-րդ համաժողովը։ Այն նպատակ ուներ ներկայացնելու նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, դրանց կիրառման առանձնահատկությունները, հաստատությունների առջև ծառացած խնդիրներն ու կրթության որակի բարձրացման հնարավորությունները։
Նախադպրոցական կրթության ոլորտն այսօր փոփոխությունների կարևոր փուլում է։ Նոր կարգավորումներ, լիցենզավորման և վերահսկողության պահանջներ, սննդի անվտանգություն, ներառական կրթություն, մանկավարժահոգեբանական աջակցություն․ այս ամենը նոր պատասխանատվություն է ենթադրում ինչպես հաստատությունների ղեկավարների, այնպես էլ մանկավարժների համար։
Համաժողովի երեք օրերի ընթացքում ավելի քան 450 մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից քննարկել են նախադպրոցական կրթության արդիական հարցեր։ Մասնագիտական սեսիաների և քննարկումների առանցքում էին երեխայի համակողմանի զարգացումը, ներառական կրթությունը, ժամանակակից մանկավարժական մեթոդներն ու նախադպրոցական հաստատությունների արդյունավետ կառավարումը։