«Նախագծային ճամբարը» բազմաբովանդակ օրակարգ էր առաջարկել մարզաբնակ պատանիներին

Հայաստանի տարբեր մարզերից և Ջավախքից հավաքված տասնյակ երիտասարդներ այս օրերին ամառային հիշողությունների ամենահետաքրքիր դրվագներն կիսում են միասին։ Նրանք մասնակցում են «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության հնգօրյա «Նախագծային ճամբարին», որն իր շուրջն է համախմբել 14–18 տարեկան ակտիվ ու նախաձեռնող պատանիների։ Ճամբարային օրերից մեկն ամբողջությամբ անցկացվեց Դիլիջանում՝ «Green Rock» հիմանդրամի տարածքում․ հիմնադրամը որպես գործընկեր միացել է նախաձեռնությանը։

«Հյուրընկալել ենք «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության երիտասարդներին։  Ուրախ եմ նրանց համար անցկացնել հետաքրքիր ու ինտերակտիվ դաս՝ ռեսուրսների բաշխման, նախագծերի պլանավորման ու առաջնայնությունների գնահատման թեմաներով։ Հիմնադրամի համար կարևոր է տաղանդների բացահայտումը, և մենք շատ ներդրումներ ենք անում՝ ուղղված երիտասարդների զարգացմանն ու աշխուժացմանը։ Երիտասարդությանը կրթելով ու զարգացնելով մենք ուզում ենք օգնել, որպեսզի նրանք կայուն ու լավ ապագա կառուցողներ լինեն», – նշում է «Green Rock» հիմնադրամի տնօրեն, «Ապիցիուս Արմենիա» նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան։

Ճամբարի օրակարգը բազմաբովանդակ է։ Առավոտյան թեմատիկ քննարկումներ ու արժեքային զրույցներ, իսկ կեսօրից հետո մասնակիցները խորանում են նախագծային աշխատանքներում՝ փորձելով փոքր խմբերով մշակել առկա խնդիրների լուծման տարբերակներ։

Դասերի ավարտին սկսվում է թիմային խաղերի և ակտիվ հանգստի ժամանցը՝ արշավներով, ձիավարությամբ ու բնության հետ անմիջական շփմամբ։ Ճամբարի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն ներկայացնելու վեց համայնքային նախագիծ, որոնք պիտի կյանքի կոչվեն հենց մարզերում՝ երեխաների գաղափարներով ու նրանց անմիջական մասնակցությամբ։