Սպորտը՝ որպես հավասարության կամուրջ․ ներառական մարզական օր Գանձաքարում

Տավուշի մարզի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի մարզադաշտում տեղի է ունեցել մարզական միջոցառում՝ ուղղված հավասար և անվտանգ կրթական միջավայրի խթանմանը։ Նախաձեռնությունը կազմակերպել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը։
Միջոցառմանը մասնակցել են Իջևանի թիվ 5 հիմնական, Սևքարի և Գանձաքարի միջնակարգ դպրոցների շուրջ 150 աշակերտներ։ Նրանք մրցել են ֆուտբոլում և մի շարք այլ մարզաձևերում՝ ձևավորելով ներառական թիմեր, որոնք կազմված էին տարբեր դպրոցների սովորողներից։
Կազմակերպիչների խոսքով՝ այս ձևաչափը նպատակ ունի խթանել երեխաների միջև սոցիալական շփումները, ամրապնդել ընկերական կապերը և զարգացնել փոխադարձ հարգանքը։ Նախաձեռնությունը հիմնված է ներառական կրթության «ապրել միասին, սովորել միասին» սկզբունքի վրա։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև սպորտլանդիա, որի նպատակն առաջին հերթին ֆիզիկական ակտիվության խթանումն է և թիմային աշխատանքի, հանդուրժողականության և փոխըմբռնման ձևավորումը։ Մասնակիցները շեշտել են, որ իրենց համար առաջնայինը ոչ թե հաղթանակն է, այլ նոր ընկերների ձեռքբերումն ու համատեղ անցկացրած ժամանակը։
Կազմակերպիչները վստահ են, որ նման միջոցառումները կարևոր դեր ունեն երեխաների համակողմանի զարգացման գործում՝ նպաստելով ֆիզիկական, սոցիալական և արժեքային կրթությանը։ Սպորտը, նրանց համոզմամբ, կարող է դառնալ արդյունավետ գործիք՝ ձևավորելու անվտանգ, հավասար և ներառական կրթական միջավայր։
Կարդացեք նաև՝