«Ներհամայնքային տրանսպորտի կազմակերպման հիմնախնդիրները համայնքների խոշորացման համատեքստում» խորագրով կլոր-սեղան քննարկում Իջևանում
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն Իջևան խոշորացված համայնքի ներհամայնքային հասարակական տրանստպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում հոկտեմբեր ամսին համայնքի բնակիչների շրջանում իրականացրել է առցանց հարցում։ Նպատակն Իջևան համայնքում գործող ներհամայնքային տրանսպորտի ծառայությունների որակի ուսումնասիրությունն էր` բնակիչների հանրային կարծիքի բարձրաձայնումը: Առցանց հարցմանը մասնակցել է շուրջ 600 բնակիչ Իջևան քաղաքից ու բնակավայրերից:
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ «Ներհամայնքային տրանսպորտի կազմակերպման հիմնախնդիրները համայնքների խոշորացման համատեքստում» խորագրով կլոր-սեղան քննարկում: «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն»-ի ղեկավար Արփինե Երիցյանը քննարկման սկզբում ներկայացրեց կատարված հարցման և ուսումնասիրությունների ամփոփ պատկերը: Նրա խոսքով՝ ներհամայնքային տրանսպորտը խոշորացված համայնքի առաջնահերթ մարտահրավերներից է:
Քննարկմանը մասնակցում էին խնդրի շահագրգիռ ու մտահոգ կողմերը` ուսանողներ, երիտասարդներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ներկա էր նաև Իջևանի փոխհամայնքապետը:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ներհամայնքային երթուղիների և ժամանակացույցերի հարմարությունն ու ճկունությունը, երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցերի հարմարավետությունը և սպասարկման որակի հարցերին:
Հանդիպմանը քննարկվեցին նաև ներհամայնքային տրանսպորտի սահմանված ժամային գրաֆիկների, սակագների, տրանսպորտային միջոցների ֆիզիկական վիճակի ու վարորդների սպասարկման որակի հետ կապված հարցեր: Հանրային պահանջի բարձրաձայնմանը զուգահեռ խոսվեց նաև ոլորտի կարգավորման մարտահրավերների և լուծման հնարավոր ուղիների մասին: