Ներկայացվեց Տավուշի մարզի զբոսաշրջային այցելավայրի մարքեթինգային ռազմավարությունը

Տավուշում նոր շունչ է ստանում մարզի զբոսաշրջությունը։ Փետրվարի 19-ին Ijewine ռեստորոնում ներկայացվեց Տավուշի մարզի զբոսաշրջային այցելավայրի մարքեթինգային ռազմավարության 2026–2030 թթ. Նախագիծը։ Նախագծի առանցքում «Տավուշի տուրիզմի ակումբ» նախաձեռնությունն է՝ յուրահատուկ հարթակ, որտեղ միավորվում են մարզի զբոսաշրջային բիզնեսները, քննարկում ոլորտի ընդհանուր խնդիրները, ձևավորվում համատեղ լուծումներ և մշակում նոր հնարավորություններ՝ ավելի համարձակ ու մրցունակ ներկայանալու համար թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան շուկաներում։
Ռազմավարությունը նախատեսում է համախմբված մարքեթինգային արշավներ, թվային ներկայության ամրապնդում, միջազգային համագործակցությունների զարգացում և նոր զբոսաշրջային փաթեթների ստեղծում։ Ակումբի ձևաչափը բիզնեսներին հնարավորություն է տալիս հանդես գալ միասնական դիրքերից, մեծացնել վաճառքի ծավալները, գրավել նոր այցելուներ և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր մարզում։ Առանձնակի շեշտ է դրվում եվրոպական նույնատիպ կառույցների հետ կապերի հաստատման վրա, ինչը կարող է Տավուշը դարձնել տարածաշրջանային հաջողված մոդել։
«Այս միջոցառումը արժեքավոր գործիք է բիզնեսների և տեղական շահագրգիռ կողմերի միջև կապ հաստատելու և Տավուշի մարզի մարքեթինգի և բրենդավորման ռազմավարության ուսումնասիրության համար։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք դա չդիտարկենք միայն որպես ռազմավարություն, այլ նաև ներգրավենք բոլոր շահագրգիռ կողմերին դրա իրականացման համար։ Մենք շատ ուրախ ենք աջակցել այս նախաձեռնությանը մեր ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից և համաֆինանսավորվում է Շվեյցարիայի և Ավստրիայի կառավարությունների կողմից։
Ռազմավարության իրականացումը կարող է մեծապես նպաստել Տավուշի մարզում զբոսաշրջության հետագա զարգացման համար։ Տավուշը շատ ուղղություններ ունի առաջարկելու աշխարհին, հատկապես միջազգային զբոսաշրջիկներին, և մենք նաև շատ ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել Տավուշի բնակչությանը»,- նշում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» ծրագրի ղեկավար Սվենյա Վայրաուխը։
Տավուշի մարզն այս կերպ դիրքավորվում է որպես կազմակերպված, նախաձեռնող և միջազգային համագործակցության համար պատրաստ տարածաշրջան՝ ամրապնդելով իր տեղը Հայաստանի զբոսաշրջային քարտեզում։