Ներկայացվել է Բերդ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը. հանրային լսում

Ներկայացվել է Բերդ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը. հանրային լսում

Հունվարի 15-ին Բերդի համայնքապետարանում կայացել է հանրային լսում, որի ընթացքում հանգամանորեն ներկայացվել է Բերդ խոշորացված համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը:

Հանդիպմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանը, ոլորտային պատասխանատուները, համայնքապետարանի, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները, ներկայացուցիչներ՝ համայնքում գործող հասարակական կազմակերպություններից:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին մասնակցության համար և արդյունավետ աշխատանք է մաղթել:

Համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել է Բերդ խոշորացված համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը:

Ըստ ոլորտների` հանգամանորեն ներկայացվել են համայնքի բնակավայրերում իրականացվելիք աշխատանքները, համայնքի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծությունը, ռազմավարությունը և տեսլականը:

Ծրագիրն արժանացել է ներկաների հավանությանը: