Նիկոլ Աղաբաբյանի հայրենակարոտ մուտքը՝ մշտական վերադարձը Տավուշ աշխարհ

Հայաստանը գունեղ երկիր է՝ ամեն ինչ իր երանգն ունի։ Այդ գույների մեջ է ծնվել ու մեծացել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ում ստեղծագործական շունչը վաղուց հատել է Հայաստանի սահմանները։  Սակայն, որքան էլ լայն լինեն աշխարհը շրջելու նրա հնարավորությունները, վերադարձը միշտ մեկ ուղղությամբ է՝ դեպի Հայաստան, դեպի Տավուշ, դեպի Կողբ։ Կողբի գեղարվեստի դպրոցում բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի «Վերադարձ» խորագրով ցուցահանդեսը։

Նկարչության հանդեպ սերը ձևավորվել էր դեռ մանկուց․ դպրոցական տարիներին Նիկոլ Աղաբաբյանի ձեռքին հաճախ էին թուղթ ու մատիտ տեսնում։ Ուսուցիչները համոզված էին՝ այս տղան նկարիչ է դառնալու։

 

Նիկոլ Աղաբաբյանի անունը վաղուց է ծանոթ արվեստասերներին։ Նրա նկարները ցուցադրվել են Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում՝ սկսած ծննդավայր Կողբից մինչև եվրոպական ու ամերիկյան պատկերասրահներ։ Գեղանկարչի աշխատանքներում կողմնակի ազդեցություններ չկան․ յուրաքանչյուր պատկերի մեջ ինքն է՝ իր գույներով, իր մտահորիզոնով, ինքն է՝ իր աշխարհով։

Վարպետ Նիկոլը սիրում է իր բնաշխարհը, արտահայտում այն՝ ինչ զգում է։ Այդ զգացողությունն էլ է նրան առանձնացնում է ու դարձնում ճանաչելի։

Ընկերների խոսքով՝  նա երբեք չի փորձում զարմացնել, նա պարզապես նկարում է՝ ինչպես տեսնում է աշխարհը։ Գուցե հենց այդ անկեղծության մեջ է նրա արվեստի խորհուրդը։

Նրա վրձնահարվածներում հայրենականն է, ավանդականն ու համամարդկայինը։ Յուրաքանչյուր կտավ Նիկոլ Աղաբաբյանի հայրենակարոտ մուտքի մասին է՝ մշտական վերադարձի մասին դեպի Հայաստան, դեպի Տավուշ, դեպի Կողբ։

Կարդացեք նաև՝