Նոր ենթակառուցվածքներ Դիլիջանում՝ ապրելու, աշխատելու և համայնքային կյանքը զարգացնելու համար

Դիլիջանը շարունակում է ընդլայնել իր զարգացման սահմանները՝ զբոսաշրջային քաղաքի ավանդական պատկերից անցնելով դեպի ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար լիարժեք միջավայրի ձևավորում։ Քաղաքում պաշտոնապես բացվել են PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community Hub-ը՝ երկու նոր նախագծեր, որոնք միտված են Դիլիջանում ժամանակակից համայնքային և մասնագիտական միջավայրի ձևավորմանը։ Նախագծերը «Green Rock» ընկերության երկարաժամկետ զարգացման ռազմավարության մասն են։

«Green Rock»-ը Հայաստան և հենց Դիլիջան է եկել աջակցելու երկրի կայուն զարգացմանը՝ առաջ բերելով նոր հնարավորություններ կրթության, բիզնեսի, աշխատաշուկայի ու համայնքային զարգացման ասպարեզներում։ Ընկերության բոլոր ծրագրերն էլ ուրույն ազդեցություն են ունենում  ու ձևավորում  կանաչ միջավայր, կայուն զարգացում: Դիլիջանը, որը հայտնի է իր հրապուրիչ բնությամբ ու հանգստի հնարավորություններով, այժմ նաև նորարարության, կրթության և նոր գաղափարների առանցքում է՝ շնորհիվ նման աշխատանքների։

«Այսօր Դիլիջանում բացվում են PPLS Rooms քոլիվինգը և Villa 3 Community Hub-ը։ Դրանք առանձին նախագծեր չեն, այլ այն ենթակառուցվածքային էկոհամակարգի կարևոր բաղադրիչներն են, որը Green Rock -ը ձևավորում է քաղաքում։

Մեր նպատակը պարզապես առանձին ծրագրերի իրականացնումը չէ, այլ փոխլրացնող նախաձեռնությունների միջոցով կենսունակ միջավայր ստեղծելը։ Մենք ձգտում ենք Դիլիջանում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, փորձագետների, ստեղծարար մարդկանց և զբոսաշրջիկների, իսկ դրա համար անհրաժեշտ է զարգացնել համապատասխան ենթակառուցվածքները», – իր խոսքում նշեց Green Rock ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

Դիլիջանի զարգացման հաջորդ փուլը ենթադրում է այնպիսի միջավայրերի ստեղծում, որոնք կծառայեն քաղաքի առօրյա կյանքին։ Այս գաղափարի հիմքում է Villa3 Community Hub-ը՝ տարածք, որտեղ մարդիկ կարող են աշխատել, հանդիպել, սովորել և նոր նախաձեռնություններ կյանքի կոչել։

Villa3-ը բազմաֆունկցիոնալ համալիրի կարևոր բաղադրիչներից է։ Համալիրը ներառում է հյուրանոցային և կրթական ենթակառուցվածքներ, համատեղ աշխատանքային տարածքներ, ռեստորանային և մշակութային հարթակներ՝ ձևավորելով միջավայր, որտեղ աշխատանքը, կրթությունը և հանգիստը փոխլրացնում են միմյանց։

«Մեզ համար այս նախագիծը հատկապես հետաքրքիր էր, քանի որ փորձել ենք համատեղել ազգային ժառանգությունն ու ժամանակակից միջավայրի գաղափարը։ Տարածքի ձևավորման ընթացքում կիրառել ենք տեղական մշակութային ինքնությունն արտացոլող լուծումներ, միաժամանակ ներառելով ժամանակակից համայնքային կենտրոններին բնորոշ տարրեր։ Հուսով ենք՝ այս տարածքը կդառնա ինչպես համայնքի ակտիվ կյանքի կարևոր կենտրոնը, այնպես էլ շրջակա միջավայրի հետագա զարգացման մեկնարկային կետը։ Մեզ համար մեծ հաճույք էր աշխատել Green Rock-ի թիմի հետ, և վստահ ենք, որ այս վայրը կարևոր նշանակություն կունենա Դիլիջանի համար»,- իր խոսքում նշեց ING Studio-ի դիզայնի ղեկավար Ջուլիա Պարսոնովան։

Villa3-ի պաշտոնական բացումը կազմակերպվել էր տոնական մթնոլորտում։ Հյուրերի համար նախատեսվել էր գունային և երաժշտական շոու ծրագիր, որը համադրել էր ժամանակակից արվեստի, լուսային լուծումների և կենդանի երաժշտության տարրերը՝ ներկայացնելով նոր տարածքի գաղափարախոսությունն ու ստեղծարար միջավայրը։

Աշխատանքի, կրթության, ստեղծարարության և համայնքային կյանքի համար ստեղծված նոր տարածքներն արդեն իրենց դռներն են բացել Դիլիջանում։ Իսկ քաղաքի զարգացման նոր փուլը, ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, դեռ նոր է սկսվում։