Նոր մանրամասներ Տավուշի մարզում ուսուցչի և աշակերտի միջև տեղի ունեցած դեպքի մասին

Համացանցում տեղեկություն էր տարածվել, Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ. Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 9/Բ դասարանում սովորող 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա առաջացել են կապտուկներ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ նույն օրը երեխան հրավիրվել է բաժին, որը կատարվածի վերաբերյալ մայրիկի և մանկավարժի ներկայությամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Աչաջրի դպրոցի 9/Բ դասարանում դասաժամի ընթացքում իր պայուսակում էլ. ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո նույն դպրոցի ուսուցիչ, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա․-ն մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին։

Տեղի ունեցած դեպքի առիթով հայտարարություն է տարածել Աչաջրի միջնակարգ դպրոցը։
«Արմենակ Ասիլբեկյանն Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջն. դպրոցի սիրված ու հարգված, համեստ ու բարի, արժանավոր մանկավարժներից է, ովքեր չեն ընդունում այսօրվա շատ լկտի, անպարկեշտ երևույթները: Չի կարելի մարդուն մեղադրել ստելով, չափազանցնելով: Համացանցում ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Մենք չգիտենք` ում է ձեռնտու այս կեղծ տեղեկատվությունը, կարո՞ղ է արդյոք ապացուցել իր գրած աղբը, որով փորձում է խայտառակել թե′ աշակերտին, թե′ ուսուցչին, թե′ ծնողին, թե′ համայնքին: Գյուղի հասարակությունը լավ է ճանաչում և′ Ա. Ասիլբեկյանին , և′ մանկավարժական կոլեկտիվին», – նշված է դպրոցի հայտարարության մեջ:

Կատարված դեպքի առիթով Տավուշ Մեդիային Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ստացված հաղորդման վերաբերյալ 70-ամյա քաղաքացին ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն։ Քրեական վարույթ իրականացնող մարմինը արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով տվյալ անձին հետագայում ազատել է արգելանքից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով։ Իրականացվում է ակտիվ նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Կատարվում են հարցաքննություններ, և այս պահի դրությամբ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։