Սահմանին է, բայց սահմանամերձ չէ․ Նորաշենը՝ «իրավական անկլավի» կարգավիճակում

Տավուշի մարզի Նորաշեն գյուղը պետական սահմանից ընդամենը շուրջ 4 կիլոմետր է հեռու։ Նորաշենի հարևանությամբ սահմանամերձ Արծվաբերդ, Մովսես, Չորաթան և Վերին Կարմիրաղբյուր գյուղերն են։ Սակայն, ի տարբերություն հարևան բնակավայրերի, Նորաշենը սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ չունի։
«Բերդից էս կողմ յոթ գյուղ ունենք, յոթից մենակ Նորաշենն է, որ սահմանամերձ չէ։ Բացառիկ կարգավիճակում է գտնվում։ Նորաշենը Հայաստանում միակ գյուղն է, որ բոլոր կողմերից շրջապատված է սահմանամերձ գյուղերով, բայց ինքը սահմանամերձ չէ։ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքում Նորաշենին կից նշված չորս գյուղերն էլ սահմանամերձ են, իսկ Նորաշենը՝ ոչ», — նշում էի Նորաշենի բնակիչ Գարիկ Փայտյանը։
Սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսված պետական աջակցության ծրագրերի ընդլայնմամբ այս տարբերությունն ավելի տեսանելի է դարձել։ Նորաշենցիների դիտարկմաբ՝ ապրելով նույն անվտանգային պայմաններում՝ իրենք չեն կարող օգտվել այն հնարավորություններից, որոնք հասանելի պիտի լինեն նաև իրենց։
«Խնդիրն ավելի զգացնել տվեց հատկապես 16 միլիոնի ծրագրից հետո։ Մնացած արտոնություններն էլ կարևոր էին, բայց հենց այս ծրագիրն է ամենաէականը։ Դրան գումարվեց նաև այն, որ առևտուրը դուրս եկավ միկրոձեռնարկատիրության շրջանակից։ Գյուղի փոքր բիզնեսներն արդեն ստիպված են անհավասար պայմաններում աշխատել։ Կան նաև կոմունալների, ուսման վարձերի և այլ արտոնություններ, որոնցից Նորաշենը դուրս է մնում, որովհետև պետությունը սոցիալական քաղաքականությունը շարունակում է սահմանամերձ համայնքների սկզբունքով, իսկ մենք այդ ցանկում չենք», — ասում է Գարիկը։
Գարիկի խոսքով խնդիրն արտոնությունները չեն միայն։ Նրա համոզմամբ՝ Նորաշենի սոցիալ-տնտեսական պայմանները ոչ միայն չեն տարբերվում հարևան սահմանամերձ գյուղերից, այլ որոշ դեպքերում նույնիսկ ավելի բարդ են։
2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում, թեև գյուղի բնակելի հատվածը չի թիրախավորվել, գնդակոծության տակ են հայտնվել Նորաշենի գյուղատնտեսական հողերը։
Հարցը նոր չէ, տարիների ընթացքում այն մտահոգել է գյուղի բնակիչներին, դիմումներ են գրել, բարձրաձայնել խնդիրը տարբեր մակարդակներում։ Այժմ էլ փորձում են նոր թափով խնդրին լուծում տալ․ գյուղապետից վարչապետ դիմել են բոլորին։
«Հիմա փորձում ենք հարցին հնչեղություն տալ։ Մարզպետարանից առաջարկել են գրավոր դիմել մեր պահանջով։ Կուղարկենք նամակ, հետո արդեն, կախված պատասխանից, կմտածենք ստորագրահավաք կազմակերպելու կամ կառավարություն դիմելու մասին։
Մեր գյուղում կրթահամալիր է կառուցվում, որը սպասարկելու է նաև սահմանամերձ գյուղերին։ Բայց հիմա կարգավորումն այնպիսին է, որ եթե դպրոցի տարողունակության առնվազն 50 տոկոսը չի լրացվում, ծրագիրը չի գործելու։ Մեր դեպքում 200 տեղանոց դպրոց են կառուցում, մինչդեռ այսօր ունենք շուրջ 140 աշակերտ։ Կարծում եմ՝ Նորաշենի ներուժը ճիշտ չի գնահատվել։ Փաստացի նորից դուրս ենք մնում կարգավորումներից։ Այս հարցը պետք է լուծում ստանա, որովհետև այն, մեր կարծիքով, իրավական և սոցիալական առումով արդարացված չէ», — ասում է Գարիկ Փայտյանը։
Բերդի համայնքապետարանում խնդրին ծանոթ են, նախորդիվ ևս նամակներ ու դիմումներ են ստացել, բայց հարցի կարգավորումը համայնքի տիրույթում չէ։ Սահմանամերձ գյուղի կարգավիճակը տրվում է վարչական որոշմա՞մբ, թե՞ այն իրականությամբ, որով ամեն օր ապրում են մարդիկ։ Այս հարցի պատասխանն են ակնկալում Նորաշենում՝ պետությունից։