Նոյեմբերյանցիների ձայնն ուղիղ եթերում | Ժողովրդական խոսափողը Նոյեմբերյանում

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տավուշ Մեդիան նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում իրականացնելու է համալիր գործողություններ՝ քաղաքացիների ձայնը բարձրաձայնելու, համայնքային և հանրային կարևոր խնդիրները վեր հանելու, դրանք Ազգային ժողովում ներկայացված լինելու համար պայքարող քաղաքական ուժերին ու դերակատարներին հասցեագրելու նպատակով:

Այս համատեքստում նախընտրական շրջանում իրականացնում ենք «Տավուշն է խոսում. ժողովրդական խոսափող» նախաձեռնությունը՝ հասկանալու, թե ինչն է այսօր կարևոր համայնքների համար, ինչ հարցեր ու խնդիրներ են հուզում մարդկանց և ինչպես կարելի է խթանել ավելի ակտիվ, իրազեկված ու պատասխանատու քաղաքացիական մասնակցությունը։

Այսօր՝ հունիսի 4-ին, Նոյեմբերյանի քաղաքային այգում կայացավ «Տավուշն է խոսում – ժողովրդական խոսափող» նախաձեռնության հերթական հանդիպումը՝ բնակիչներին հնարավորություն տալով բաց և ազատ միջավայրում բարձրաձայնել իրենց հուզող հարցերն ու առաջարկությունները։

Հանրային բաց հարթակում իրենց տեսակետներն արտահայտեցին համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած քաղաքացիներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, ճանապարհների և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, գյուղատնտեսության զարգացմանը, երիտասարդների զբաղվածությանը, կրթական և մշակութային կյանքի ակտիվացմանը, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական բնույթի մի շարք հարցերի։

Բնակիչները ներկայացրին նաև համայնքի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումները, առաջարկություններն ու ակնկալիքները՝ ընդգծելով բնակիչների ակտիվ մասնակցության կարևորությունը համայնքային որոշումների կայացման գործընթացում։

Նախաձեռնության նպատակն է ձևավորել բաց երկխոսության հարթակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, բարձրաձայնելու համայնքային խնդիրները և ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ՝ նպաստելով հանրային մասնակցության և համայնքների համաչափ զարգացմանը։