Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնն իր մասնակցությունն ունեցավ «Վարդատոն» ամենամյա փառատոնին

Ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը Թբիլիսիում հատուկ օր է։ Մայիսի 28-ին 109-րդ անգամ Թբիլիսիի կենտրոնում աշուղական երգ ու պարով նշվեց արդեն ավանդույթ դարձած «Վարդատոն»-ը, որը նվիրված է Սայաթ-Նովայի հիշատակին։

Ավելի քան մեկ դար առաջ հայ և վրացի մտավորականները Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ աշուղի շիրիմին վարդեր խոնարհելով և նրա երգերը երգելով՝ հիմք դրեցին թբիլիսահայության այս սիրելի տոնին։

Այս տարի տոնին մասնակցելու էին եկել Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնը, մի շարք այլ երաժշտախմբեր, ինչպես նաև Տավուշի մարզից Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը՝ ասմունքի ելույթով։

Միջոցառմանը ներկա էին մի շարք վրացի պաշտոնյաներ, մտավորականներ, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Ավանդական տոնին հնչեցին աշուղի ոչ միայն հայ, այլև վրացերեն երգերը։