Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում նշվեց Գրադարանավարի օրը

Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի Իգնատ Մամյանի անվան քաղաքային գրադարանում անցկացվեց տոնական հանդիպում՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին համայնքի բոլոր գրադարանավարները։

Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ հանդիպման օրակարգում ընդգրկված էին գրքի և գիտելիքի արժեքը, մշակույթի դերը և ընթերցանության խթանման հնարավորությունները։ Համայնքի ղեկավարն շնորհավորեց գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ և ընդգծեց նրանց դերը գիտելիքի փոխանցման և մշակութային արժեքների պահպանման գործում։

Գրադարանավարները ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկները՝ կարևորելով համայնքային գրադարանների միջև փորձի փոխանակման և համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ որպես գիտելիքի տարածման ու մշակութային կապերի ամրապնդման կարևոր ուղի։

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր։ Տոնի նպատակն է արժևորել գրադարանավարի մասնագիտությունը և դերը կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում: Գրադարանը համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից մեկը։ Այն վաղուց դադարել է լինել բացառապես գրքերի պահոց: Ժամանակակից հասարակության մեջ գրադարանը ներկայանում է որպես բազմաֆունկցիոնալ կրթական միջավայր, հանրային հաղորդակցության և գիտելիքի շրջանառության հարթակ, ինչպես նաև համայնքային մշակութային կյանքի կազմակերպման և ժամանցի կենտրոն։

Գրադարանը մի տարածք է, որտեղ համադրվում են դասական արժեքներն ու դրանց պահպանման նորարարական լուծումները։ Գրադարանը ձևավորվում է գիտելիքի ստեղծման, տարածման և փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև ապահովվում է հանրային հաղորդակցության և սոցիալ-մշակութային կապերի ամրապնդման բազմաշերտ միջավայր։ Գրադարանների զարգացման և արդիականացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է:

Գրադարանի այդ կարևոր առաքելության իրականացման գործում անուրանալի և նշանակալի դեր ունի գրադարանավարը: Այս համատեքստում նախարարությունը մեծապես կարևորում է գրադարանավարների շարունակական վերապատրաստման կազմակերպումը, մասնագիտական հմտությունների կատարելագործումը և միջազգային փորձի փոխանակումը։

Լուսանկարները՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի։

Կարդացեք նաև՝