Նոյեմբերյանում հարգանքի տուրք են մատուցել 1991 թ. մայիսի 6-ին զոհված ոստիկանների հիշատակին
30 տարի շարունակ այս օրը՝ մայիսի 6-ը Նոյեմբերյան համայնքի համար հերոսացման և ցավի օր է:
Նոյեմբերյան համայնքի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում 1991 թ. Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի ՕՄՕՆ-ականների «Կոլցո» օպերացիայի հետևանքով սպանված ոստիկանների հիշատակին:
1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի ծուղակն ընկավ Նոյեմբերյանի ոստիկանության 24 աշխատակից: Սա, թերևս, Արցախյան ազատամարտի ամենաողբերգական դրվագներից մեկն է:
Գյուղ չհասած՝ անսպասելի հայտնվում են խորհրդային բանակի զինվորականներն ու սկսում կրակել: Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան ընթացքի մեջ էր…11 ոստիկան զոհվում է տեղում, մյուսները գերեվարվում են. նրանցից երեքը մահանում են ադրբեջանական բանտերում: Այս դեպքից ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաև Ոսկեպարը պաշտպանող 45 ոստիկանների ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին: