Նույնականացում EasyPay տերմինալներում

Հայաստանում գործող վճարային տերմինալներում ներդրվել է նոր գործառույթ․ որոշ ֆինանսական գործարքներ կատարելիս այսուհետ անհրաժեշտ է անցնել նույնականացում։ Նոր կարգավորումն արդեն կիրառվում է EasyPay վճարային տերմինալներում։ Նույնականացման ներդրման նպատակն է բարձրացնել ֆինանսական գործարքների անվտանգությունը և ապահովել օգտատերերի միջոցների պաշտպանությունը։ Այն իրականացվում է Կենտրոնական բանկի սահմանած կարգավորիչ պահանջներին համապատասխան։

Միևնույն ժամանակ, նույնականացումը պարտադիր չէ բոլոր գործարքների համար։ Այն կիրառվում է միայն ավանդների, քարտերի և հաշվեհամարների համալրման դեպքերում։ Իսկ այլ գործարքների դեպքում, այդ թվում՝ վարկերի մարումների ժամանակ, նույնականացում չի պահանջվում։

EasyPay տերմինալից օգտվելիս համակարգն առաջարկում է նույնականացման երկու տարբերակ՝ easywallet հավելվածով կամ imID համակարգով։ Եթե ընտրում եք easywallet-ը, անհրաժեշտ է բացել հավելվածը, սկանավորել տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը, և հաստատել հայտնված պատուհանը։Իսկ imID տարբերակի դեպքում պետք է մուտքագրել այն հեռախոսահամարը, որով ակտիվացված է imID-ն, ապա հեռախոսում բացված պատուհանում մուտքագրել PIN կոդը։ Ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մի քանի վայրկյան և իրականացվում է պարզ քայլերով։

Նույնականացման ընթացքում տվյալները փոխանցվում են միայն համապատասխան համակարգերին և մշակվում են գործող իրավական պահանջներին համապատասխան՝ ապահովելով օգտատերերի տվյալների պաշտպանությունը։