Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է.

Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։

Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։

Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: