Օգտակար կալցիումը

Բոլորին հայտնի է, թե որքան է կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ։ Այն պետք է ոչ միայն ոսկրային հյուսվածքների ամրության, այլեւ` ատամների, լնդերի նորմալ զարգացման ու արյան մակարդման գործընթացի համար։ Կալցիումի բնական հանգստացնող հատկությունները նպաստում են սրտի կանոնավոր աշխատանքին։ Այն նաեւ նպաստում է ճարպերի քայքայմանը։ Սակայն կալցիումի ավելցուկն օրգանիզմի համար վտանգավոր է։ Դրա կողմնակի վնասակար ազդեցությունները դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Օրինակ` հիվանդ երիկամներ ունեցող մարդկանց համար դա կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել, իսկ առողջ երիկամներ ունեցողների համար` փորկապություն։

Մարդուն անհրաժեշտ կալցիումի միջին քանակը.

– 1-3 տարեկան երեխայի համար` օրը 500 միլիգրամ.
– 4-8 տարեկան երեխայի համար` օրը 800 միլիգրամ.
– 9-18 տարեկանների համար` 1300 միլիգրամ.
– 19-50 տարեկանների համար` 1000 միլիգրամ.
– 51-ից բարձր տարիքի մարդկանց համար` 1200 միլիգրամ։

Ե՞րբ է կալցիումն անհրաժեշտ սովորականից ավելի։ Եթե ունեք վիտամին D-ի պակաս, լնդերի հիվանդություններ եւ չարաշահում եք շաքարը, կոֆեինն ու գազավորված հյութերը։

Ի՞նչն է խանգարում կալցիումի յուրացմանը։ Ճարպերի եւ շաքարի ավելցուկը։ Ալկոհոլը, սուրճը, ֆոսֆորն ու նատրիումը նվազեցնում են օրգանիզմում կալցիումի քանակը։

Ամենից լավ է կալցիումի պակասը լրացնել դրանով հարուստ սննդամթերքի հաշվին։ Այն շատ լավ է յուրացվում A եւ D վիտամինների համադրությամբ։ Մեկ բաժակ կաթը մոտ 300 միլիգրամ կալցիում է պարունակում։ Սուրճի սիրահարները պետք է հիշեն, որ այն օրգանիզմից հեռացնում է կալցիումը, ուստի, սուրճից ամբողջությամբ չհրաժարվելու համար, այն կարելի է խմել կաթի հետ։ Այդ դեպքում օրգանիզմում կալցիումի քանակը չի պակասի։ Երեսուն գրամ պանրի մեջ մոտ 200 միլիգրամ, իսկ 230 գրամ մրգային յոգուրտի մեջ` 345 միլիգրամ կալցիում կա։

Կալցիումով հարուստ մթերքներից են նաեւ ծովամթերքը, ձկնեղենը, հատկապես` սաղմոնն ու սարդինան, ընդեղենը (լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ եւ այլն), ընկույզները, կանաչ բանջարեղենը եւ կաթնամթերքը։

Ի դեպ, բավարար չափով ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նպաստում է ոսկրային հյուսվածքի կողմից կալցիումի լավ յուրացմանը։ Այն չի կարող զարգանալ ու ամրանալ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության։