Օծվել է Տավուշի թեմի առաջնորդարանին կից Սուրբ Աստվածածին մատուռը

Ապրիլի 7-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, առաջնորդությամբ՝ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի, տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդարանին կից Սուրբ Աստվածածին մատուռի, Սուրբ Սեղանի օծման հանդիսավոր արարողությունը:
Սա Տավուշի թեմի համար հոգևոր ու խորհրդանշական իրադարձություն էր․ նորօծ մատուռը կոչված է դառնալու հույսի, մխիթարության և Աստծո հետ հաղորդակցության օջախ՝ յուրաքանչյուր այցելողի համար։
«Մատուռի կառուցմանը նպաստած բարերարներ տեր և տիկին Արմեն Իսկանդարյանին և Արմենուհի Պողոսյանին, ինչպես նաև այլ նվիրյալների շնորհվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն պարգևներից մեկը՝ Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի շքանշանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակի համաձայն։
Օծման արարողությանը հաջորդեց տոնական միջոցառում, որի ընթացքում հանդես եկավ մանկական երգչախումբը, ցուցադրվեցին թեմի սաների ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև երեխաները ներկայացրեցին փոքրիկ բեմադրություն և աղոթքներ՝ նվիրված Տիրամորը», – հայտնում է Տավուշի թեմը։
Դիտեք նաև՝ Սուրբ Աստվածածին մատուռի հիմնօրհնեքի արարողության տեսանյութը։ Մատուռի հիմնօրհնեքը կատարվել էր 2021 թվականի ապրիլի 7-ին Աստվածամոր Ավետման տոնին։
https://www.facebook.com/TavushTV/videos/520462305611005