Կիրանց գյուղում հոգևոր կյանքը նոր շունչ է ստանում․ օծվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին

Կիրանց գյուղում տասնամյակների լռությունից հետո օծվեց 19-րդ դարի՝ 1888 թվականին կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը վերջերս ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Եկեղեցին խորհրդային տարիներին երկար ժամանակ ծառայել է որպես պահեստ՝ զրկվելով իր հոգևոր նշանակությունից։ Տարիների ընթացքում այն հայտնվել էր խիստ վթարային վիճակում․ ամբողջությամբ բացակայում էր տանիքը, պատերի մի շարք հատվածներում առաջացել էին ճաքեր, քանդված էր սալահատակը։

Մայիսի 2-ին Կիրանցի բնակիչները, Տավուշի մարզի և հանրապետության տարբեր համայնքներից ժամանած հավատավորները ուխտերթով շարժվեցին դեպի եկեղեցի՝ մասնակցելու վերածննդի այս խորհրդանշական արարողությանը։

Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներ։ Օծումը կատարվեց Հայկազուն Սրբազանի ձեռամբ։ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը մատուցեց Սուրբ Պատարագ, որին հաջորդեց Անդաստանի կարգը։

Վերականգնման աշխատանքները իրականացվել են Կառավարության միջոցներով։ 2024 թվականին կատարվել են շուրջ 21 միլիոն դրամի աշխատանքներ՝ վերացնելով նախորդ տարիների նախագծային շեղումները, բացելով և վերականգնելով պատուհանների բացվածքները, ինչպես նաև ամրացնելով կառուցվածքային տարրերը։ 2025 թվականին ներդրվել է ավելի քան 32 միլիոն դրամ՝ իրականացվել են տանիքի կառուցման, քարե շրջանակների, անկյունաքարերի և քիվերի վերաշարադրության աշխատանքներ, կառուցվել է վեցասյուն նոր ռոտոնդա, կատարվել են ներքին հարդարման և ներկման աշխատանքներ։ 2026 թվականի սկզբին եկեղեցու վերականգնումն ամբողջությամբ ավարտվել է։

Եկեղեցին գտնվում է հենց սահմանագծին՝ մոտ 30 մետր հեռավորության վրա՝ դպրոցի և երեխաների մարզադաշտի հարևանությամբ։ Եկեղեցու կողքին նաև QR կոդ է տեղադրված, որը սքանավորելու դեպքում կայցելեք Տավուշ Մեդիայի կայք ու կիմանաք ավելին՝ եկեղեցու մասին։