Ուխտագնություն դեպի Բերդավանի Սուրբ Նշան սրբավայր

Մայիսի 31-ի առավոտյան Բերդավանի բնակիչներն ու գյուղի հյուրերը ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Նշան եկեղեցի։ Բերդավանի ամրոցի հարևանությամբ գտնվող սրբավայր հասած ուխտավորները մասնակցեցին սուրբ պատարագի։
Վեմ քարի վրա Տեր Կորյուն քահանան մատուցեց Սուրբ Պատարագ։ Բաց երկնքի տակ հնչող աղոթքներն ու շարականները առանձնահատուկ մթնոլորտ էին ստեղծել։ Սուրբ Նշան եկեղեցին Բերդավանի կարևոր պատմաճարտարապետական հուշարձաններից է։ Ժամանակի ընթացքում վնասված ու կիսավեր դարձած կառույցը շարունակում է մնալ գյուղի հոգևոր ու պատմական հիշողության կարևոր խորհրդանիշներից մեկը։ Սրբավայրի պահպանության գործում մեծ է նաև բերդավանցիների ներդրումը։ Գյուղացիների ջանքերով տարածքը պարբերաբար մաքրվում և բարեկարգվում է ։
Չնայած իր հարուստ պատմամշակութային ժառանգությանը, ակտիվ երիտասարդական ու մշակութային կյանքին և զբոսաշրջային զգալի ներուժին՝ Բերդավանը մինչ օրս գործող եկեղեցի չունի։ Այս հանգամանքը հաճախ են բարձրաձայնում բերդավանցիները, ովքեր կարևորում են գյուղում գործող եկեղեցու առկայությունը՝ որպես և հոգևոր, և համայնքային կյանքի կարևոր կենտրոն։
Նպատակ կա ուխտագնությունը վերածել գեղեցիկ ավանդույթի և տարվա ընթացքում ավելի հաճախ այցելել սրբավայր․ պահպանել սրբավայրի նկատմամբ հոգածությունը և նոր շունչ հաղորդել գյուղի հոգևոր կյանքին։ Միաժամանակ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ուշադրություն հրավիրել Բերդավանի պատմամշակութային ժառանգության պահպանման և արժևորման կարևորության վրա։