Ուրցի բույրով ու «Մայր հողի» տոնի ջերմությամբ՝ Նոյեմբերյանի սարերում

Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի սարերում ավարտվեց արդեն հինգերորդ «Մայր հողի» տոնը, որն այս տարի ևս համախմբեց տասնյակ մասնակիցների՝ Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։ 2022 թվականին սկիզբ առած նախաձեռնությունը հինգ տարվա ընթացքում ձևավորել է իր ուրույն ավանդույթներն ու դարձել տարածաշրջանի ամենասպասված մշակութային և զբոսաշրջային միջոցառումներից մեկը։

«Մայր հողի» տոնը մասնակիցներին հնարավորություն տվեց բաց երկնքի տակ վայելելու Տավուշի բնությունը, գիշերելու վրաններում և տնակներում, մասնակցելու բազմաբնույթ միջոցառումների ու բացահայտելու Նոյեմբերյանի լեռնաշխարհի մշակութային և բնական արժեքները։

Միջոցառման ծրագրի առանցքում կրկին ուրցահավաքն էր։ Մասնակիցները ներկա գտնվեցին նաև Տավուշին բնորոշ ավանդական թերթերուկի՝ նազուկի, սալիի, հասալիի կամ փսալիի բացօթյա թխմանը, համտեսեցին տեղական ուտեստներ և խարույկի շուրջ վայելեցին ուրցի թեյը՝ երաժշտական երեկոյի ուղեկցությամբ։ Տոնի կարևոր բաղադրիչներից էին նաև տեղական բերքի ու բարիքի, ձեռագործ աշխատանքների և արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքը, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ անցկացված վարպետաց դասերը, ստեղծագործական հանդիպումներն ու մշակութային ծրագրերը։

«Մայր հողի» տոնը հերթական անգամ հավատարիմ մնաց իր գլխավոր գաղափարախոսությանը՝ մեկ հարթակում միավորելով ավանդույթն ու նորարարությունը, բնությունն ու մշակույթը, համայնքային կյանքն ու ստեղծարար նախաձեռնությունները։ Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն տվեց վերարժևորելու ազգային մշակութային ժառանգությունն ու բնության հետ ներդաշնակ հարաբերությունը, նպաստեց տարածաշրջանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, տեղական արտադրողների, արհեստավորների և փոքր բիզնեսի զարգացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը։

Տարիների ընթացքում ուրցահավաքը դարձել է տոնի խորհրդանիշներից մեկը, ինչի շնորհիվ «Մայր հողի» տոնը մասնակիցների շրջանում վաղուց հայտնի է նաև որպես «Ուրցի փառատոն»։ Այս տարվա հոբելյանական՝ հինգերորդ միջոցառումը ևս հաստատեց, որ այն շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունն ու համախմբել մարդկանց՝ մայր հողի, ավանդույթի և համայնքային միասնականության գաղափարի շուրջ՝ ամեն տարի թողնելով նոր հիշողություններ և սպասումներ հաջորդ հանդիպման համար։