Պահպանելով հինը՝ ստեղծում են նորը. գորգագործություն Վերին Կարմիրաղբյուրում

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում գործող գորգագործության խմբակը ստեղծվել է 2021 թվականին՝ գյուղի Մշակույթի տան և Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։ Խմբակի նպատակն է գյուղի երեխաներին ընձեռել հնարավորություն սովորելու ավանդական գորգագործության արհեստը՝ միաժամանակ ապահովելով ստեղծագործ, հանգիստ և օգտակար միջավայր նրանց ազատ ժամանակը կազմակերպելու համար։

Խմբակի ղեկավարը Լիա Բադալյանն է՝ երեք երեխաների մայր, ով հաջողությամբ համատեղում է դպրոցի աշխատանքը, համալսարանական ուսումը, ընտանիքն ու իր սիրելի արհեստը։ Լիայի խոսքով՝ ընտանիքի աջակցությունն ու սաների ոգևորվածությունն առանցքային դեր են խաղացել խմբակի կայացման և զարգացման գործում։

Լիան նպատակ ունի շարունակաբար խորացնել գիտելիքներն կիրառական արվեստի ոլորտում, կատարելագործել իր հմտությունները և ձեռք բերել նոր մասնագիտացումներ՝ այս ոլորտում ավելի մեծ փորձ ձեռք բերելու համար։

Լիայի գլխավոր ձգտումն է իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր սերնդին՝ նպաստելով դարերի խորքից եկած հայկական գորգագործական մշակույթի պահպանմանը և տարածմանը։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան