Պատվով ծառայեցինք

Զորացրումը սպասված իրադարձություն է հատկապես նրանց համար, ովքեր հրաժեշտ են տալու բանակային կյանքին, զինվորական առօրյային, ծառայության խիստ, բայց արդեն հարազատ դարձած ռիթմին:

Ու մինչ մենք օրացույցի հերթական էջն ենք թերթում, նրանք մեկ օրով էլ են մոտենում սպասված պահին…

Մի քանի օրից հրազդանցի Արմեն Պողոսյանը կավարտի ժամկետային զինվորական ծառայությունը:

Ծառայությունը դժվար չէր. արագ անցավ: Եղբորս՝ Արմանի հետ նույն զորամասում ենք ծառայում։ Ես շուտով կզորացրվեմ, իսկ նա դեռ շարունակելու է ծառայությունը:

Մինչ զորակոչվելը սերժանտ Արմեն Պողոսյանը հնագիտությամբ է զբաղվել, զբոսաշրջիկներին ուղեկցել է Հատիս լեռ:

Հատիսը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Լանջերին պահպանվել են բրոնզե և երկաթե դարերի կիկլոպյան ամրոցներ, դամբարանադաշտեր, միջնադարյան կառույցներ և ավերակներ, որոնք Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերի վկայություններն են,- մանրամասն ներկայացնում է Արմենն ու ընդհանրացնում ասածը, – մենք պետք է միշտ հիշենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում, և ինչ նշանակություն ունի մեզ համար Հայկական լեռնաշխարհը…

Այսօր հնագետ Արմենը ոչ միայն հիշում է, այլև իր ծառայությամբ պահպանում ու պաշտպանում է մեր պատմությունն ու հայրենիքի անվտանգությունը։

Նա դիրքի ավագ է։

Ո՛չ սաստիկ ցրտին, ո՛չ ամառվա տապին զգոնությունը մի պահ իսկ չենք թուլացրել, քանի որ հստակ գիտակցել ենք, թե ինչի ենք այստեղ: Մեզ միավորել է Հայրենիքի անվտանգության համար պատասխանատվությունը։ Միասին հաղթահարել ենք դժվարությունները, ուրախացել հաջողություններով, ու մեր բանակային ընկերությունը վերածվել է եղբայրության։

Ծառայության ամենաջերմ ու տպավորիչ հիշողություններից մեկն էլ իր ծննդյան օրն է, որը նշեցին դիրքում:

Տղաները բուխանկա հացի վրա խտացրած կաթ էին լցրել, փոքրիկ տորթ էին դարձրել։ Հիմա, երբ մտածում եմ զորացրվելու մասին, հոգիս լցվում է նման ջերմ ու հուզիչ հիշողություններով…:

Արմենի մտերիմ ընկերը՝ սերժանտ Արման Ղազինյանն էլ շուտով կավարտի ծառայությունը։ Ծառայության առաջին օրից են մտերմացել։ Տավուշի մարզի Կողբ գյուղից է Արմանը, դասակի հրամանատարի տեղակալ է: Մինչ զորակոչվելն ավարտել է Նոյեմբերյանի քոլեջը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում և շահագործում մասնագիտությամբ։

Բանակ գալուց առաջ հայրս խրատ տվեց՝ գլուխդ բարձր կծառայես, որ ես գլուխս չկախեմ…Այդ խոսքերը միշտ հիշել եմ՝ ամեն հերթափոխի, ամեն գիշեր ու լուսաբաց…

Արմանը ծառայության ընթացքում արժանացել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանին, ճանաչվել լավագույն զինվոր-մարզիկ, վերջերս էլ, որպես դիրքի ավագ, խրախուսվել է «Մարտական հերթապահություն» կրծքանշանով։

Առաջին անգամ իր դիրք բարձրանալն է հիշում, խոստովանում է՝ բոլորովին ուրիշ զգացողություն էր՝ լարվածությունն ու հպարտությունը միախառնվել էին:

Մենակ կանգնած ես դիտակետում, շուրջբոլորը համատարած խավար։ Ամեն ձայնից, շարժումից լարվում էի։ Հետո ժամանակի ընթացքում սովորում ես, ինքնավստահություն ձեռք բերում, ավելի հանգիստ գնահատում իրավիճակը:

Այսօր արդեն ինքն է հոգ տանում նորակոչիկների մասին, դիրքի ավագ է:

Դիրքի ավագը պատասխանատու է ոչ միայն ծառայության կազմակերպման, այլև իր ենթակաների հոգեբանական վիճակի համար: Միշտ փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ խնդիր ունեն հերթապահության եկած տղաները, ի՞նչն է անհանգստացնում, մտահոգում։ Եթե տեսնում եմ՝ որևէ մեկի սրտում վախ կա, անհանգստություն կա, նրա կողքին եմ լինում թե՛ ֆիզիկապես, թե՛ խորհուրդներով:

Արմանը հպարտությամբ է պատմում իրենց դիրքի մասին.

Մեր դիրքը միշտ կոկիկ ու մաքուր ենք պահում։ Մեր հարաբերություններն էլ ամուր են՝ մեր պահած դիրքի պես: Երեկոները հավաքվում ենք, երկար զրուցում: Մեկը պատմում է իր գյուղի մասին, մյուսը՝ ընտանիքի, սիրած աղջկա, մեկն էլ մոր սարքած կերակուրն է մտաբերում, խոսում ենք ապագա ծրագրերից, նպատակներից։ Այդ զրույցները մեզ շատ են մտերմացնում։

Արմանի ծննդյան օրն էլ է յուրահատուկ եղել բանակում:

Ապրիլի քսանհինգին դիրքում էինք։ Ոչ մեկին չէի ասել, որ ծնունդս է։ Երբ կեսգիշերից հետո իջա կացարան, տեսա՝ տղաները վաֆլիների վրա խտացրած կաթ ու բալի մուրաբա են լցրել, վրան անունս գրել մուրաբայի հատիկներով։ Հետագայում գուցե իմ ծնունդը նշեմ ճոխ սեղանների շուրջ, ամենագեղեցիկ տորթերով, բայց երբեք չեմ մոռանա իմ բանակային «արվեստի գլուխգործոց» տորթը…

Երկու տարվա ծառայությունը, Արմանի խոսքով, զգալիորեն փոխել է իրեն.

Ավելի կազմակերպված եմ դարձել, ավելի պատասխանատու։ Երբ հեռու ես ընտանիքից, սկսում ես ուրիշ կերպ գնահատել հարազատներիդ, տունդ, երկրիդ խաղաղությունը։

Բանակը յուրօրինակ փորձաշրջան էր սերժանտներ Արմեն Պողոսյանի ու Արման Ղազինյանի համար՝ ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, հասունացման…

Երկու զինվորներն էլ առանձնահատուկ ջերմությամբ են խոսում նաև իրենց հրամանատարների մասին։ Ասում են՝ ժամանակի ընթացքում են հասկացել, որ հրամանատարների խստության հետևում հոգատարություն էր թաքնված, սեր ու սրտացավություն:

Զինվորը հետո է հասկանում, որ հրամանատարի պահանջկոտությունն ու խստությունն են օգնում իրեն ծառայել բարեխղճորեն, պատվով… ու տուն վերադառնալ հպարտ, գլուխը բարձր։