Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել

Վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է փոխանցել։ Որոշ համայնքներում արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում։ Սակայն օդերևութաբանական դիտարկումները և բազմամյա կլիմայական տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի վերջի տաքացումը կայուն գարնան հաստատում չի նշանակում։ Այս մասին հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը

Բազմամյա դիտարկումների համաձայն՝ փետրվարի վերջին և նույնիսկ մարտի առաջին տասնօրյակում հաճախ արձանագրվում են.

  • կարճատև, բայց ինտենսիվ ցրտահարություններ,
  • ցուրտ հոսանքների ներխուժումներ,
  • -3…-8°C նվազագույն ջերմաստիճաններ հովտային և նախալեռնային գոտիներում։

Այս փուլում մթնոլորտային շրջանառությունը դեռ անկայուն է, և արևադարձային տաք օդային զանգվածները կարող են արագ փոխարինվել սառը արկտիկական ներխուժմամբ: 

Խորհուրդ ենք տալիս առայժմ խուսափել ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներից՝ ծառերի վաղ էտումից և բողբոջման խթանումից։

Հ.Գ. Ամերիկյան GEFS անսամբլային կանխատեսման համակարգը, որը համադրում է 30 առանձին կանխատեսումների արդյունքներ մեր տարածշրջանի զգալի մասում մարտի 1-6-ը ջերմաստիճանը կանխատեսում է նորմայից 1-3 աստիճանով ցածր:

Ջերմաստիաճանի  համեմատաբար ցածր ֆոնին կարող է նպաստել նաև հանրապետության լեռնային շրջաններում կուտակված ձնածածկույթը», – նշել է նա։