Փլուզված կամուրջ, ջրալցված տներ. աղետի հետևանքները Այրումում

Հեղեղումների հետևանքով առաջացած արտակարգ դեպքերից ու պատահարներից հետո Տավուշի և Լոռու մարզերում շարունակվում են իրականացվել աղետից տուժած բնակավայրերի ուսումնասիրման, վնասների գնահատման և նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների բաշխման աշխատանքներ։ Շարունակում ենք աշխատել աղետի գոտում. այժմ Նոյեմբերյան համայնքում ենք, այստեղ տուժել են Այրում քաղաքն ու հարակից գյուղական բնակավայրերը:

Կառավարության որոշմամբ Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքը և հարակից Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան, Քարկոփ գյուղերը ճանաչվել են աղետի գոտի: Դեբեդի վարարումը մի շարք ավերածություններ է գործել` ավերել ենթակառուցվածքները, վնասել հողատարածքները:

Այրումի կայարանի կամրջի փլուզման հետևանքով վնասվել է գազատարը, որի պատճառով թաղամասում դադարեցված է գազամատակարարումը: Վարչական ղեկավարիխոսքով` աշխատանքներ են տարվում գազատարիվերանորգման ուղղությամբ:

Հեղեղումները հատկապես վնաս են հասցրել Այրում կայարան թաղամասի բնակիչներին: Ժամերի ընթացքում գետի ջրերը լցվել են տներ, ոչ պիտանի դարձրել մարդկանց գույքը, կենցաղային իրերը` տարիների աշխատանքը:

Այրում կայարանի տարածքում վնասվել են նաև սեփականատերերի ավտոմեքենաները:

Վերջին տարիներին այսպիսի արտակարգ իրավիճակ համայնքում չէր եղել: Այսպիսի վարարումներ հիշում են նաև 1960-ական թվականներին:

Գյուղացիները փորձում են ինքնուրույն կարգի բերել տները, տնամերձ հողատարածքները, ափսոսանքով նշում, որ աննախադեպ հեղեղը ջրի հետ տարել է իրենց տարիների աշխատանքի արդյունքները:

Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասներ են հասցվել Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին, սակայն պատճառված վնասների ճշգրտումները ամբողջապես կատարվելու են գետի մակարդակի իջեցումից հետո:
Հեղեղումների պատճառով գրանցված արտակարգ դեպքերի հետևանքով հասցված վնասների և բնակիչների կարիքների գնահատման ու հավաքագրման աշխատանքները շարունակվում են:

Սիրելի տավուշցիներ, աննախադեպ աղետից տուժած հայրենակիցներ, հատկապես վնասների ու կարիքների գնահատման խմբերի անդամներ, Տավուշ Մեդիան մեկ անգամ ևս հիշեցնում է՝ միջազգային հրատապ ու արդյունավետ աջակցություն ստանալու առաջին նախապայմանը տեղի ունեցածի հետևանքների տեսա և ֆոտո վավերագրություններն են, որոնք պիտ կցվեն գրավոր նկարագրերին: Հետամուտ եղեք, որ վնասներն իրենց վավերագրությունն ունենան:
Դա պետք է իրականացնել և վթարաորոնողական, և փրկարարական, և անհետաձգելի վթարավերականգնողական, ինչպես նաև՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ: