Փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել Իջևան և Բերդ համայնքների տնտեսվարողներին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը շարունակում է Եվրոպական միության ֆինասավորմամբ աջակցել հայ ընտանիքներին: Դեկտեմբերի 2-ին փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել Տավուշի մարզի Իջևան ու Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին, ովքեր ներգրավված են տեղական ակտիվ խմբերում: Տրամադրված տեխնիկան ներառում է երկանիվ տրակտորներ, հողաֆրեզներ, ռոտացիոն հնձիչներ, էլեկտրական սրսկիչներ, դիզելային գեներատորներ և եռակցման սարքեր:
Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորողացում՝ հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական Միության ֆինասավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Աջակցությունը միտված է փոքր ֆերմերների դիմակայության բարձրացմանը։
Ցուցաբերված աջակցությունը համապատասխանում է տնտեսվարողների կարիքներին. տեխնիկայի ցուցակը կազմվել է տեղական ակտիվ խմբերի կողմից: Սարքավորումները հանձնվեցին տեղի համայնքապետարաններին նրանց կողմից կառավարման համար և կօգտագործվեն գյուղատնտեսական ծառայություններ մատուցելու նպատակով:
«Ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ միջպետական սահմաններին կիրառված սահմանափակումները, մատակարարման շղթաների խափանումներն ու առողջապահական համատարած խնդիրները սրել են գյուղմթերքի արժեշղթայում առկա բացերն ու մարտահրավերները՝ հատկապես փոքր ֆերմերների համար»,- նշում է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի տեղակալը:
Ծրագիրն իրականացվում է Տավուշի և Լոռու մարզերում՝ որպես համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում տեղական դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավվել զարգացման գործընթացներում՝ ստեղծելով տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավելով համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողությունները: