«Փոքր Մհեր». Բերքաբերում ցուցադրվեց հայկական առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը

Հայկական անիմացիոն արվեստում նոր էջ է բացվել։ Բերքաբեր բնակավայրում ցուցադրվեց արհեստական բանականությամբ ստեղծված առաջին հայկական լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Փոքր Մհերը»։ Մուլտֆիլմի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա բնապատկերների հիմքում Բերքաբերի համայնապատկերն է։ Դիտողները էկրանին կարողացել են տեսնել իրենց հարազատ ու ճանաչելի միջավայրը՝ հայկական էպոսի հերոսի պատմության նոր մեկնաբանության մեջ։
Սյուժեի համաձայն՝ պատմությունը սկսվում է այն պահից, երբ պատահաբար բացվում է Ագռավաքարի դուռը։ Երկու աշակերտների անսպասելի քայլը փոխում է պատմության ընթացքը, և Փոքր Մհերը հայտնվում է մեր օրերում։ Ժամանակակից աշխարհում էպոսի հերոսը կանգնում է նոր մարտահրավերների առաջ։ Այստեղ տեխնոլոգիաները երբեմն ավելի ազդեցիկ են թվում, քան նրա սուրը, իսկ երեխաները նույնիսկ չեն պատկերացնում, որ իրենց հերոս է անհրաժեշտ։ Փոքր Մհերը երեխաների օգնությամբ փորձում է վերագտնել իր ուժը և հասկանալ, թե ինչ է նշանակում հերոս լինել 21-րդ դարում։
Ֆիլմը միավորում է ազգային էպոսի արժեքներն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ հանդիսատեսին փոխանցելով ընկերության, քաջության և ինքնաճանաչման կարևոր գաղափարներ։ Բերքաբերում կայացած ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակիչների շրջանում։ Դիտողները հնարավորություն են ունեցել ոչ միայն ծանոթանալ նորարարական անիմացիոն նախագծին, այլև տեսնել, թե ինչպես է իրենց բնակավայրը դարձել հայկական առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի գեղարվեստական միջավայրը։
«Փոքր Մհերը» ևս մեկ փորձ է ազգային մշակութային ժառանգությունը ներկայացնելու նոր ձևաչափով՝ ժամանակակից տեխնոլոգիաների և ստեղծագործական նոր լուծումների համադրությամբ։