Քվեարկությունից անդին․ մասնակցություն, պատասխանատվություն, իրազեկում

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տավուշ Մեդիան նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում իրականացնելու է համալիր գործողություններ՝ քաղաքացիների ձայնը բարձրաձայնելու, համայնքային և հանրային կարևոր խնդիրները վեր հանելու, դրանք Ազգային ժողովում ներկայացված լինելու համար պայքարող քաղաքական ուժերին ու դերակատարներին հասցեագրելու նպատակով:
Այս համատեքստում նախընտրական շրջանում Տավուշ Մեդիան հանդիպում էր կազմակերպել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ երիտասարդների, ուսանողների և առաջին անգամ ընտրելու իրավունք ստացած քաղաքացիների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ Տավուշ Մեդիայի գործունեության հիմքում ընկած է մեկ կարևոր գաղափար՝ «Իրազեկված մարդը՝ քաղաքացին, կարող է պաշտպանել ինքն իրեն, իր ընտանիքը և իր համայնքը»։
Քննարկման մեկնարկին մասնակիցներին ներկայացվեց Տավուշ Մեդիայի նախընտրական լուսաբանման մոտեցումը, որի առանցքում քաղաքացիների խնդիրներն ու ակնկալիքներն են։ Նշվեց, որ հատկապես կարևոր է երիտասարդների մասնակցությունը նման հարթակներում, քանի որ նրանց ձայնը, դիտարկումներն ու հարցադրումները կարող են նպաստել ավելի առողջ հանրային խոսքի և գիտակից քաղաքացիական մասնակցության ձևավորմանը։
Հանդիպման ընթացքում ընտրական գործընթացներին մասնակցության կարևորության, քաղաքացիական պատասխանատվության և ժողովրդավարական գործընթացներում առաջին անգամ ընտրողների դերի մասին իր փորձով ու դիտարկումներով կիսվեց «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Երիցյանը։
Բաց քննարկման ընթացքում երիտասարդները խոսեցին իրենց համայնքներում առկա խնդիրների, երիտասարդների ներգրավվածության մակարդակի, տեղեկատվություն ստանալու աղբյուրների, պատասխանատու քաղաքացի լինելու կարևորության և իրենց հուզող այլ հարցերի մասին։ Մասնակիցները ներկայացրին նաև այն խնդիրներն ու փոփոխությունները, որոնք կցանկանային տեսնել առաջիկա տարիներին թե՛ իրենց համայնքներում, թե՛ հանրապետության մակարդակով։
Տավուշ Մեդիան առաջիկայում ևս կշարունակի այցելել տարբեր համայնքներ, հանդիպել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու բարձրաձայնել դրանք՝ նպաստելով հանրային կարևոր հարցերի շուրջ քննարկումների ձևավորմանը։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ այս գործընթացին՝ իրենց կարծիքներն ու դիտարկումները ներկայացնելով Տավուշ Մեդիայի ֆեյսբուքյան հարթակում և պաշտոնական կայքում։
Իրազեկված մարդը՝ քաղաքացին, կարող է պաշտպանել ինքն իրեն, իր ընտանիքը և իր համայնքը։