Ռայխսթագի պատերի տակ հնչած զուռնան պահվում է Բերդի թանգարանում

1945 թվականի մայիսի 9-ին Ռայխսթագի պատերի տակ հնչած ինքնաշեն զուռնան այսօր պահպանվում և ցուցադրվում է Բերդի պատմության և կենցաղի թանգարանում։

Երաժշտական գործիքը պատկանել է Թամանյան դիվիզիայի հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակից, ավագ սերժանտ Արշալույս Չիլինգարյանին՝ Տավուշի մարզի Նավուր գյուղից։

Զուռնան հնչել է Հայրենական պատերազմի հաղթանակի օրերին՝ խորհրդանշելով պատերազմի ավարտն ու խաղաղության սպասումը։ Պատերազմից հետո Արշալույս Չիլինգարյանը խնամքով պահպանել է երաժշտական գործիքը, իսկ տարիներ անց այն փոխանցել Բերդի պատմության և կենցաղի թանգարանին, որտեղ այն այսօր ներկայացվում է որպես պատերազմի տարիների հիշողություն և արժեքավոր մասունք։