«Ռեստարտ Իջևան»-ը կյանքի է կոչում «Ձեռներեցության խթանումն Իջևանում» նախաձեռնությունը

Ընթացքի մեջ է «Ռեստարտ Իջևան» ՀԿ նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Ձեռներեցության խթանումն Իջևանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում համայնքի թվով 5 աղջիկներ, ովքեր չեն ստանում բարձրագույն կրթություն, մասնագիտացում ձեռք կբերեն հրուշակագործության ոլորտում։ Դասընթացների արդյունքում անհրաժեշտ որակավորում ստանալուց հետո ծրագրի մասնակիցները կունենան հնարավորություն աշխատելու հրուշակագործությամբ զբաղվող արտադրամասերում։

«Ծրագրի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մենք թիմով սկսեցինք նկատել, որ Իջևանում կան շատ կանայք և աղջիկներ, ովքեր ունեն մեծ սեր և ձգտում հրուշակագործության հանդեպ, սակայն չունեն համապատասխան ռեսուրսներ և հնարավորություններ՝ մասնագիտական գիտելիքներ ստանալու։ Մենք որոշեցինք համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում տալ նրանց այդ հնարավորությունը, որպեսզի նրանք դառնան հմուտ մասնագետներ հենց այս ոլորտում՝ ունենան իրենց փոքրիկ արտադրությունները, միգուցե աշխատեն արտադրամասներում, կամ հետագայում դառնան ավելի խոշոր ձեռներեցներ», – նշում է ծրագրի նախաձեռնողներից Վիկա Խառատյանը։

Գաղափարն իրականացվում է «Երիտասարդները հանուն համայնքների զարգացման» ծարգրի շրջանակներում, որը ներառում է տավուշեցի շուրջ 50 երիտասարդների։ «Ձեռներեցության խթանումն Իջևանում» նախաձեռնությանը զուգահեռ ներկայումս Տավուշի մարզի տարբեր համայնքներում իրականացման փուլում են գտնվում 5 երիտասարդական ծրագրեր։

Ծրագրի մասնակիցներից Մեդորա Ասիլյանը պատմում է․ «Ընտրվել են ավելի քան 7 ծրագրեր, որոնք ունեին թե՛ կրթական, թե՛ համայնքային բնույթ։ Այս ծրագրի միջոցով մենք փորձել ենք հնարավորություն տալ երիտասարդնեերին և նրանց դարձնել փոփոխության դեսպաններ․ իրենք անձամբ են մշակել այդ ծրագրերը՝ իրենց շրջակայքում նայելով, թե ինչ խնդիրներ կան։ Նպատակն այն էր, որ իրենք անձամբ արդեն սկսեն ներդրում ունենալ իրենց համայնքների զարգացման մեջ»։