Սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունները վերականգնվում են
Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունները կվերականգնվեն: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի ժամանակ։ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ հետևյալ քվոտայով՝
- մինչև 50 շահառու՝ Ոսկեպարում, մինչև 50 շահառու՝ Բաղանիսում
- մինչև 40 շահառու՝ Բերքաբերում, մինչև 40 շահառու՝ Կիրանցում,
- մինչև 30 շահառու (որից 5-ը՝ մանկավարժի որակավորում ունեցող անձանց համար) Գոմքում. այս դեպքում պարտադիր է մինչև 13 տարեկան երեխա ունենալը:
Նախատեսվում է նաև հնարավորություն տալ ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար, նրանց, որոնք շինթույլտվությունը ստացել են մինչև 2024թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ:
Ընդ որում՝ ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկեր ստացող ընտանիքները պետության կողմից կստանան ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով աջակցություն, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում ունեցել են տվյալ բնակավայրում հաշվառում։
Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել՝
- գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ,
- գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ),
- առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի։