Սահմանապահ Արծվաբերդում տոնել են Տյառնընդառաջը
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Սահմանամերձ Արծվաբերդ գյուղում փետրվարի 13-ի երեկոյան նախատոնակով ազդարարվեց Տյառնընդառաջի տոնի սկիզբը։ Համայնքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ կատարվեց նորապսակների օրհնության կարգ, Տեր Հայրը նորապսակ զույգերին հորդորեց ապրել Աստծո եւ միմյանց սիրով, հաստատուն պահել հավատն առ Աստված և լինել անդավաճան։
«Այսօր ազդարարվում է մեր եկեղեցական, ազգային ամենակարևոր տոներից մեկի՝ Տյառնընդառաջի սկիզբը։ Եվ այսօր մենք էլ մեր ժողովրդով դուրս ենք եկել ընդառաջ մեր Տիրոջը, որովհետև բոլորս այսօր Աստծո օրհնության կարիքն ունենք, բոլորս Փրկչի կարիքն ունենք, և բոլորս ուզում ենք, որ մեր հոգիներում, մեր սրտերում, մեր ընտանիքներում և մեր հայրենիքում ընդունենք Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին», – տոնի խորհուրդն այսպես է մեկնաբանում Տեր Արամը։
Ինչպես ամեն տարի՝ օրհնության կարգին Արծվաբերդում հաջորդեցին ավանդական խարույկն ու տոնախմբությունը։
«Միջոցառումը կազմակերպվել է Արծվաբերդում, որովհետև արծվաբերդցիները ամենամյա կտրվածքով պարտադիր նշում են այս տոնը և ամբողջ տարին սպասում են այս գեղեցիկ տոնակատարությանը։ Վերջին երկու տարիներին որոշակի դադար եղավ, բայց այսօր, ինչպես նշեց Տեր Հայրը, արծվաբերդցիները ուժ են գտել՝ միավորվելու այս տոնի շուրջ և միասին նշելու։ Նմանատիպ միջոցառումները շատ ենք կարևորում Բերդ համայնքի բոլոր գյուղերում, որպեսզի օր առաջ սկսենք այս խորը սթրեսային վիճակից դուրս գալ», – նշում է Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը։