Սարիգյուղում բացվեցին ՀԲԸՄ կամավորների նորոգած մանկապարտեզի դռները
Վերանորոգված, բարեկարգ ու լուսավոր մանկապարտեզը պատրաստ է ընդունել սարիգյուղցի փոքրիկներին. հուլիսի 27-ին Սարիգյուղում բացվեցին արդեն նորոգված մանկապարտեզի դռները։
Հայ բարեգործական ընդհանուր միության օգնությամբ ֆրանսիահայ ու ֆրանսիացի կամավորները մանկապարտեզի՝ դեռևս 1980-ականներից չվերանորգված մասնաշենքը վերանորոգել են, մասնավորապես՝ փոխվել է շենքի տանիքն ամբողջությամբ, կատարվել են կահավորման ու ներքին հարդարման աշխատանքներ։
ՀԲԸՄ կամավորները երրորդ անգամ են Սարիգյուղում․ մինչև մանկապարտեզի նորոգման աշխատանքները նախկինում աջակցել են դպրոցի դասասենյակների նորոգմանը։
«2017 և 2019 թվականներին եկել էինք գյուղ, վերանորոգել Սարիգյուղի միջնակարգ դպրոցը։ Մենք շատ ենք սիրում Տավուշի մարզը․ բնակիչներն այստեղ շատ բարեհամբույր են։ Երբ առաջին անգամ եկանք Սարիգյուղ, սիրահարվեցինք այս գյուղին և բնակիչներին։ Մեզ համար շատ կարևոր է նրանց համար շարունակական և երկարաժամկետ կապեր ստեղծելը», – ասում է «Հայաստան՝ կյանքի երկիր» ծրագրի տնօրեն, ՀԲԸՄ կամավոր Սիմոն Օվղեն։
Սարիգյուղի մանկապարտեզում գործում է երկու խումբ։ Գյուղում վստահ են՝ վերանորոգումից հետո խմբերը կշատանան․ արդեն դիմումներ կան նաև հարևան գյուղերից։
Կատարված աշխատանքների համար Իջևանի համայնքապետի կողմից կամավորներին շնորհակալագրեր ու հուշանվերներ են հանձնվել։