Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել. 1 անձ մահացել է
Սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Սարիգյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին, ով տեղում մահացել է։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութի աղբյուր` shamshyan.com