«Սևքարեցի Սաքոյի կողքին»․ Սահմանապահ Սևքարում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում ընկածներին նվիրված հուշակոթողը

Հունվարի 28-ին սահմանապահ Սևքար բնակավայրում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սևքարցիների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը:

Հուշակոթողը կազմված է երեք մասից՝ ՀՀ ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի և փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի կիսանդրիներն են, իսկ դրանց միջև՝ զոհված մյուս սևքարցիների հիշատակը ոգեկոչող հուշատախտակը։

Հուշակոթողի բացմանը ներկա էին մի շարք զինվորական և քաղաքացիական պաշտոնատար անձինք։ Ներկաներից էր բանակային 3-րդ կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, որն իր խոսքում ընդգծել է․ «Գնդապետ Թաթուլ Ղազարյանի, փոխգնդապետ Հովսեփյանի սխրանքները և նրանց նման մեր հերոս տղաների՝ հնարավոր դարձրած անհնարինը դեռ երկար ու երկար հիշվելու է և ուսուցանելու ու դաստիարակելու մեր սերունդներին։ Նրանց օրինակով մեր ապագա զինվորներն են կրթվելու։ Նրանք գիտակցաբար գնացին պատերազմ՝ հստակ իմանալով, որ այլևս կարող են հետ չգալ։ Նրանք ապրեցին՝ իրենց ողջ գիտակից կյանքը նվիրելով Հայրենիքին, նպաստեցին բանակի կայացմանն ու հերոսացմանը և անմահացան հերոսի մահով՝ իրենց մահը նույնպես ծառայեցնելով Հայրենիքին»։

Հուշակոթողը կառուցվել է Սևքարի վարչական ղեկավար Թաթուլ Թելոյանի նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ Հայոց բանակի 30-ամյակի օրը բացման համար պատահական չէր ընտրված․ «Մենք այսօր կատարել ենք այս արարողությունը՝ հավերժացնելու մեր հերոսների անունը, հիշատակը, փոխանցելու մեր եկող սերնդին՝ իմանալու, որ եղել են նման հրամանատարներ, նման զինվորներ, ովքեր հերոսաբար մարտնչեցին 44-օրյա պատերազմում և անառիկ պահեցին մեր երկրի սահմանները։ Ցավոք, այսօր նրանք մեզ հետ չեն․ մենք պարտավոր ենք հավերժ պահել մեր հերոսների անունն ու պատիվը, ովքեր տեղ գտան գեներալ Վարշամովի և Սևքարեցի Սաքոյի կողքին»։

Հուշակոթողի բացումը կատարվեց քահանայական օծմամբ, բացման պատիվը տրվեց զոհվածների հարազատներին, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոս տղաների հիշատակին։

Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբոր՝ Արամ Հովսեփյանի խոսքով՝ Բանակի օրն իրենց ընտանիքում միշտ տոնակատարություն է եղել, տոն է նաև հիմա։ Ըստ նրա՝ սա «հիշեցումի կոթող է առ այն, որ մենք պետք է դասեր քաղենք մեր ապագան կերտելու գործում»։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սևքարցիներն են ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանը, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը, Սամվել Սահակյանը և Արտակ Խեմչյանը։ Հավերժ փառք հանուն Հայրենիքի անմահացածների հիշատակին։