Շուրջ 45 տոննա մարդասիրական օգնություն Արցախից բռնի տեղահանված ավելի քան 15,000 հայրենակիցներին

Հայ օգնության ֆոնդը 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր՝ ավելի քան 15,000 հայրենակիցներին տրամադրել է մարդասիրական աջակցություն։

Մարդասիրական աջակցություն` այդ թվում 1,200 սննդի և հիգիենայի փաթեթներ, 480 անջրանցիկ տաք բաճկոններ, 200 ծալովի մահճակալներ, 1,300 անկողնային հավաքածուներ, 500 էլեկտրական տաքացուցիչներ, 400 դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են ստացել Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Լոռու մարզի Փամբակ համայնքում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայքում, Վայոց ձորի Վայք և Արագածոտնի մարզի Բյուրական համայնքներում ապաստանած արցախցի ընտանիքները։

Արցախցի հայրենակիցներին սատար կանգնելուն ուղղված արագ արձագանքման գործողություններին զուգահեռ՝ Հայ օգնության ֆոնդը մեկնարկելու է նաև երկարաժակետ և համապարփակ ծրագիր, որի նպատակն է կայուն ու թիրախային սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին՝ այդ թվում երեխաներին ու տարեցներին, անցկացնել բուժաշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ, խթանել ընտանեկան ձեռներեցությունն ու ինքնազբաղվածությունը, հնարավորություն ընձեռել միջին մասնագիտական ու բուհական կրթություն ստանալ ցանկացող երիտասարդներին։

«Որպես մարդասիրական լայնածավալ աշխատանքեր իրականացնելու փորձ ունեցող  կազմակերպություն՝ Հայ օգնության ֆոնդը հանձնառու է կանգնել արցախցի մեր եղբայրների և քույրերի կողքին թե՛ այս կրիտիկական պահին, և թե՛ հետագայում», – նշել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ շեշտելով, որ մարդասիրական աջակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ հաշվի առնելով տեղահանված ընտանիքների կարիքներն ու բնակության վայրը։