«Սոցիալ-մանկավարժական նորարությունները կրթության մեջ» միջազգային համաժողովը ԵՊՀ ԻՄ-ում
140 մասնակից աշխարհի 17 երկրներից․ մարտի 15-16-ը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղն իրականացրեց «Սոցիալ-մանկավարժական նորարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին երիտասարդ դասախոսներ և գիտնականններ, բակալավրիատի ու մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ։
ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի խոսքերով՝ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն առաջին անգամ է կազմակերպում նման լայնամասշտաբ գիտական կոնֆերանս։ Նպատակն է քննարկել արդի փուլում կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները և կիրառվող նոր տեխնոլոգիաները։ Մեր երկրի ապագան այս պահին կերտվում է դպրոցներում և համալսարաններում»։
Միջազգային գիտապրակտիկ համաժողովի նպատակն էր ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների վրա։
Համաժողովի ուղղություններն էին.
- Մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը:
- Ապագա մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաները:
- Մանկավարժական գործունեության կազմակերպման նորարարական սկզբունքներն ու մոտեցումները:
- Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ:
- Դպրոցում / բուհում կրթական միջավայրի նախագծումն ու ձևավորումը:
- Դաստիարակչական աշխատանքը կրթության համակարգում:
- Մշակույթի դերը դաստիարակության և կրթության մեջ:
- Սիներգետիկա. նոր ուղղություն հոգևոր-բարոյական դաստիարակության համար:
- Մանկավարժությունը, հոգեբանությունը, տեղեկատվական-հաղորդակցական միջավայրը որպես նոր հնարավորությունների աղբյուր:
- Առողջության սահմանափակ հնարավորություններով սովորողների ուսուցումը և դաստիարակությունը:
- Կրթության էկոլոգիական ասպեկտները ժամանակակից պայմաններում:
- Գրականության, oտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության դասավանդման մեթոդիկան:
Այս համաժողովը “Project Ijevan Valey Ed Tech” երկարատև ծրագրի առաջին միջոցառումն է: Այն կդառնա պարբերական, և դրա շրջանակներում ձևավորված ազգային և միջազգային համագործակցությամբ Իջևանի մասնաճյուղը կմշակի կրթական ոլորտում հետազոտական տարբեր նախագծեր և կմասնակցի միջազգային ծրագրերի՝ երիտասարդության շրջանում զարգացնելով մանկավարժական մասնագիտությունների հանրահռչակումը, ընդլայնելով գործող մագիստրոսական ծրագիրը՝ հիմնված հետազոտությունների, լաբորատոր աշխատանքների և փորձերի վրա: