Սուրբ Հարության ավետիսը հնչեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում
Մարտի 31-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Տոնը ընդունված է կոչել նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Քրիստոսի Հարության ավետիսը հնչեց նաև սահմանամերձ Ոսկեպարի 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Հայաստանի տարբեր շրջաններից ու աշխարհի տարբեր կետերից մի խումբ ուխտավորներ Ոսկեպարում աղոթք արեցին՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ։
Վերջին շրջանում Ոսկեպարի շուրջ ծավալված իրադարձությունների մասին խոսելիս ոսկեպարցիները ընդգծում են՝ գյուղը, 7-րդ դարի եկեղեցին Հայաստանի դարպասն են։
Աղոթքից հետո եկեղեցու բակում ընթացավ ավանդական հավկիթախաղը՝ կրկին ավետելով Քրիստոս հարյավ ի մեռելոց․ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։