Տղերքը․ Սուրեն Մելիքբեկյան

Հայրենիքով ապրողը․․․«Տղերքը» հաղորդաշարի մեր հերթական թողարկումը պատմում է տավուշեցի Սուրեն Մելիքբեկյանի մասին։ Սուրենին բոլորն են հիշում որպես բացառիկ հայրենասերի՝ ոչ միայն խոսքով, այլև կամքով ու կյանքով արտահայտված։

Բերդ քաղաքում ծնված, իր ծննդավայրում, ապա՝ Երևանում ապրած Սուրենի բոլոր նպատակներն ու երազանքները միայն մեր երկրի հետ էին կապված․ նա վստահ էր՝ «աշխարհի ամենալավ ապրելու տեղը Հայաստանն է»։

Սուրեն Մելիքբեկյանը ծնվել է 1998 թ․ հոկտեմբերի 18-ին, Տավուշի մարզի Բերդ քաաքում։ Հաճախել է Բերդի թիվ 4 հիմնական դպրոցը։

Դպրոցական տարիներին աչքի է ընկել իր բացառիկ ունակություններով․ մասնակցել է մի շարք մրցույթների և օլիմպիադաների։ Տարածաշրջանում յուրաքանչյուր միջոցառման մեջ նա իր ներդրումն ուներ։


2016 թ․ Սուրենն ընդունվել է Երևանի պետական համալսարանի Արխարհագրության, քարտեզագրության և կադաստրային գործի բաժինը, 2020 թ․ ավարտել է այն գերազանց առաջադիմությամբ, ապա ընդունվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրա։

Կիսատ թողնելով ուսումը՝ 2020 թ․ օգոստոսի 19-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Զոհվել է պատերազմի առաջին օրը՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

Իրեն ճանաչողների սրտում Սուրենը միշտ կմնա անմահ՝ որպես օրինակ շատերի համար․ «Եթե Սուրենին մեկ բառով ներկայացնեմ՝ ինքը օրինակելի մարդ էր․ օրինակելի՝ բոլոր առումներով․ թե՛ իր դաստիարակությամբ, թե՛ հայրենասիրությամբ, թե՛ ընկերական միջավայրում»։