Սյունիքում արձանագրված ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներից 3-ը Տավուշի մարզից են

Ճանապարհատրանսպորտային պատահար Սյունիքում

Հուլիսի 11ին՝ ժամը 11։04-ին Երևանի բնակիչ 39-ամյա Արթուր Մնացականյանն իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ավտովթարի հետևանքով Ա․ Մնացականյանն ու ուղևորը՝ Տավուշի մարզի բնակիչ Արմեն Մամյանը (ծնվ․ 2004թ․) տեղում մահացել են։ Մյուս ուղևորները՝ Տավուշի մարզի բնակիչներ Նորայր Դանիելյանը (ծնվ․ 2004թ․) և Հայկ Սառիկյանը (ծնվ․ 2004թ․), ու Շիրակի մարզի բնակիչներ Ազատ Առաքելյանը (ծնվ․ 2004թ․), Սամվել Մամիկոնյանը (ծնվ․ 2004թ․) , Ռաֆիկ Ոսկանյանը (ծնվ․ 2003թ․), մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։

Տուժած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։

Տավուշ Մեդիայի տեղեկություններով՝ «Mitsubishi» ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի, մահացածներից մեկն ու մյուս վիրավոր ուղևորները զորացրվել էին ու վերադառնում էին տուն։ Ավտովթարից տուժած Հայկ Սառիկյանը Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրից է, Նորայր Դանիելյանը Գանձաքար բնակավայրից։ Իսկ վթարին զոհ դարձած Արմեն Մամյանը Տավուշի մարզի Իջևան քաղաքից էր։