Տղերքը․ Հարություն Չոբանյան

«Մի պահ լրջացած ասեց՝ բայց գիտե՞ս, կա մի բան, որ քեզանից շատ եմ սիրում, ես էլ անհանգստացած ասեցի՝ էդ ի՞նչն ա, ասեց՝ Հայրենիքը․․․»։
«Անսահման հոգատար ու սիրելու անսահման կարողություն ունեցող մարդ էր Հարութը․․․»

«Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումը պատմում է ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանի մասին․ «Սպիտակ բանակի» հավատարիմ մարտիկը, բժիշկը, որ մինչև վերջին պահը վստահ էր՝ իր տեղը ռազմաճակատում է․ ամուր, պատվախնդիր ու արժանապատիվ։

2020 թ․ հոկտեմբերի 1-ին, պատերազմական դրությունից ելնելով, Հարությունը դիմել է ՊՆ և թույլտվություն ստանում մեկնել ռազմաճակատ՝ ծառայությունից հետո նորից զբաղեցնելով Հադրութի զորամասի բուժծառայության պետի պաշտոնը։ Մասնագիտական գերազանց որակներ ցույց տալով՝ Հարությունը հարյուրավոր վիրավորների կյանքեր է փրկել, մինչև որ շտապ օգնության մեքենայով վիրավորներ տեղափոխելիս ինքն է ենթարկվել հարձակման։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարություն Չոբոնյանը ծնվել է 1993 թ․ փետրվարի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում: Հարությունը ընտանիքի առաջնեկն էր։ 1999 թ․ ընդունվել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի միջնակարգ դպրոց և երկու տարի այնտեղ սովորել։

2001 թվականի հոկտեմբերին Հարությունը, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաք և ուսումը շարունակել Հրազդան քաղաքի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։ Հարությունը դպրոցում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ 2009թ․ գերազանցությամբ ավարտել է դպրոցը։

2009թ․ ընդունվել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բուժական գործ ֆակուլտետը։ Փոխելով վերոնշյալ ֆակուլտետը` 2011-2014 թթ․ Հարությունը սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը։

2014-2016 թթ․ սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետի մագիստրատուրան` ձեռք բերելով բժշկի որակավորում «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ։ 2016-2017թթ․ սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան` «Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում» մասնագիտությամբ։

2017թ․ Հարությունը գործուղվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք՝ որպես զորամասի բժիշկ։ 2018թ․ նշանակվել է նույն զորամասի բուժկետի պետ։ 2019 թ․ նշանակվել է նույն զորամասի բուժծառայության պետ։ Աշխատելու տարիներին ստացել է բազում պատվոգրեր և շնորհակալագրեր` վիրավորված զինծառայողներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև բուժական ծառայությունը բարձր մակարդակի կազմակերպելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու ու օրինակելի կարգապահության համար։

2020 թ․ հուլիսին ստացել է կապիտանի կոչում։

2020 թ․ ընդունվել է ԵՊԲՀ-ի օրդինատուրա`«Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ։

2020 թ․ հոկտեմբերի 1-ին՝ պատերազմական դրությունից ելնելով, Հարությունը մեկնել է ռազմաճակատ՝ նորից զբաղեցնելով Հադրութի զորամասի բուժծառայության պետի պաշտոնը: Մասնագիտական գերազանց որակներ ցույց տալով՝ Հարությունը փրկել է հարյուրավոր վիրավորների կյանքեր։ Սակայն հոկտեմբերի 13-ին ռազմական շտապօգնության մեքենայում երկու վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելիս Հարություն Չոբանյանը թշնամու գնդակից զոհվեց՝ չկարողանալով փրկել սեփական կյանքը։




ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրը Իջևան համայնքում

ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրը Իջևան համայնքում

Հոկտեմբերի 19-ը ՀՀ Ազգային հերոս  գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրն է։ Երեկ՝ նրանց անմահանալու տարելիցի օրը, ընտանիքի անդամները, բարձրաստիճան սպաներ, մարզային ու տեղական իշխանությունները, հոգևորականներ ու ծառայակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհված հրամանատարների շիրիմներին։

Արցախյան 44-օրյա պատերազմում Իջևանի զորամասից անմահացել են 57 հերոս տղաներ։

Հավերժ փառք ու խոնարհում նրանց․․․






«Ապրեցնող երկխոսություն» Նոյեմբերյանում

«Տղե՛րք, առանց ձեզ դժվար է, բայց կապրենք, դժվար է երազել, բայց կերազենք, դժվար է հավատալ, բայց կհավատանք, տղե՛րք»։

«Մետրո» թատրոնի թատերախումբը Նոյեմբերյանում ներկայացրեց 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի պատմվածքների հիման վրա բեմադրված «Ապրեցնող երկխոսություն» ներկայացումը։ Պատմվածքները, որոնք Վարդանը գրել է 11-13 տարեկանում, ոչ թե բեմադրված էին, այլ բեմից պատմվում էին և հանդիսատեսին հասցնում Վարդանի ուղերձները։

Բեմադիչ-ռեժիսոր Էդգար Մեհրաբյանի խոսքով՝ «Ներկայացման վերնագիրն էլ պատահական չի ընտրված, որովհետև իսկապես յուրաքանչյուր բառ ապրեցնում է․ կվերցնենք դա մեկ ժամվա համար, թե տասը օրվա համար, թե մեր ամբողջ կյանքի համար՝ դա արդեն երևի մեր անձնական խնդիրն է»։

Թատերախմբի անդամները խոստովանում են, որ ներկայացումների ընթացքում մշտապես զգում են Վարդանի ներկայությունը և նրա հոգևոր ուժը։

Դերասանուհի Էվելինա Ստեփանյանն ասում է, որ «ներկայացումը կոչ է ապրելու՝ շարունակելու ապրել, ու ապրել լրիվ ուրիշ կերպ՝ պատերազմից հետո»։

Ներկայացման ընթացքում պատմվածքներին զուգահեռ անդրադարձ է կատարվում պատերազմի թեմային և այդ ժամանակվա ապրումներին։






Տղերքը․ Մանվել Մանուչարյան

«Կար հնարավորություն, որ մենք իր թղթերը ներկայացնեինք, որ չծառայեր։ Ասում էր՝ չէ, մամ ջան, ես պետք ա գնամ ծառայեմ, կարո՞ղ է ես վախկոտ եմ․ բոլորը գնում են Հայրենիքը պահելու»․ պատմում է Մանվելի մայրը՝ Լիլիա Ներսիսյանը։

«Տղերքը» հաղորդաշարն այսօր պատմում է Հայրենիքը կյանքի գնով պահած մեր եղբայրներից ևս մեկի՝ Մանվել Մանուչարյանի մասին։ Ընտանիքը, ընկերներն ու ուսուցիչները վկայում են՝ հայրենի հողի հանդեպ սերը, իր ընտանիքի արժեքի գիտակցումը դեռ փոքր տարիքից է եղել Մանվելի ամենաբնորոշ գիծը, ով մշտապես պատրաստ էր հասնելու ու օգնելու։

Այս տարի՝ 2022-ի հունվարի 6-ին անմահացած զինվորի ընտանիքում նոր ծնունդ տոնեցին․ լույս աշխարհ եկավ Մանվելի եղբայրը։ Փոքրիկին կոչեցին Էմանուել․ ինչպես մայրն է ասում՝ «իր եղբոր ու նահատակված տղաների պատվին, որոնք հիմա երկնքում են»։

Մանվել Մանուչարյանը ծնվել է 2001 թ․, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում․ եղել է կարգապահ և ունակություններով լի աշակերտ։

2019 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութում։ 44-օրյա պատերազմի ժամանակ մի ամբողջ օր ծանր մարտեր է վարել թշնամու դեմ և զոհվել պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։

Մանվել Մանուչարյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։






Նոյեմբերյանում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Հայկ Ղարսյանի հիշատակին:

Օգոստոսի 11-ին Նոյեմբերյանում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հայկ Ղարսյանի հիշատակին:

Հուշաղբյուրի բացման և խաչքարի օծման արարողությանը ներկա էին Հայկի հարազատները, ընկերները, ծառայակիցները: Խաչքարն օծվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայկ Ղարսյանի կյանքը, անցած մարտական ուղին: «Հայկի կերպարն ուրվագծվում է որպես ժպտերես, հարգալից ու հայրենասեր մարդու»,- իրենց հիշողություններով կիսվում են ներկաները

Հայկ Ղարսյանը մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին, իսկ 44-օրյա պատերազմի օրերին եղել է ամենածանր ճակատներում՝ 30 օր կռվելով թշնամու դեմ:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Ավագ լեյտենանտ Հայկ Ղարսյանին հետմահու շնորհվեց կապիտան զինվորական կոչում:

Հայկը ծնվել է 1995թ. դեկտեմբերի 26-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: 2009-2013 թթ. սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, 2013-2017 թթ.՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական համալսարանում:

Մինչև ավարտելը մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ կռվելով Ջրականում: Համալսարանն ավարտել է լեյտենանտի կոչումով և ծառայության անցել Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) բնակավայրում: 2 տարի անց գերազանց ծառայության համար ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Հայ Ղարսյանը հերոսաբար զոհվել է Վարանդայում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։






44-ի Վերածնունդը. Իջևանում բեմ է բարձրացել Մերի Չիբուխչյանի և M Dance Studio-ի նոր ներկայացումը

«Պատերազմից հետո մոտ երկու տարի է անցել, ու շատ հերոսների ընտանիքներում զավակներ են ծնվում, շատ աղջիկներ փորձում են նոր ընտանիքներ կազմել, շատ մայրիկներ փորձում են ապրել այս դժվար ժամանակներում, և դա ինձ համար վերածննդի լավագույն օրինակն է․․․»․ պարուսույց Մերի Չիբուխչյանի նոր ներկայացումը կրում է «44-ի Վերածնունդը» խորագիրը։

Սա Մերիի և M Dance Studio-ի երկրորդ ներկայացումն է, որ կայանում է Իջևանի Մշակույթի պալատում։ Նախորդ տարի նույն վայրում բեմին էր մեկ այլ՝ «Չբացված հույսի առավոտը» խորագրով պարային ներկայացումը։

Մերին պատմում է, որ կան զգացմունքներ, որոնք հնարավոր է արտահայտել միայն արվեստի լեզվով, և այդ զգացմունքերից կազմված պատմության մասերից էլ ծնվել են երկու ներկայացումները։ 44-օրյա պատերազմում անմահացած Մանվելի նորածին եղբորը՝ Էմանուելին և նրա՝ կրկին ապրող ընտանիքը տեսնելով է Մերին հասել վերածննդի պատկերին, որին էլ նվիրված է նոր ներկայացումը։

«Ինձ համար ամենակարևոր խորհուրդն այն է, որ յուրաքանչյուրիս մեջ էլ տղերքն ապրում են․ այսինքն՝ քանի դեռ մենք կանք, քանի դեռ հիշում ենք, խոսում իրենց մասին՝ իրենց պատմություններն անավարտ չեն մնացել»․ ասում է Մերին։

Ուղիղ եթերով հեռարձակված ներկայացումը՝ այստեղ։

 




Տղերքը․ Արմեն Սահակյան

«Կատարյալ օրինակ»․ այս բառերն են անընդմեջ հնչում «Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսի՝ կապիտան Արմեն Սահակյանի մասին պատմողների խոսքում։
«Որ վիրավորվել էր հոկտեմբերի 16-ին, եկել էր, ասում եմ՝ Արմեն, գոնե մի երկու օր մնա, բուժվես՝ նոր, բա՝ չէ, զինվորներիս մոտ մարդ չկա, ես ոնց թողնեմ իրենց, գամ․․․ ու էլի հետ գնաց՝ մնաց ընդամենը մի օր»․
Արմեն Սահակյանը ծնվել է 1994 թ. մարտի 31-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Սովորել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 2002 թ.-ից հաճախել է մարզադպրոց՝սամբոյի դասընթացների:
2010թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետ՝ անվճար հիմունքներով: Սակայն Արմենի որոշումն էր, որ պետք է սպա դառնա: 2010 թ. ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Ուսումը նրան բանակի իսկական նվիրյալ էր դարձրել։ Համալսարանն ավարտելուց հետո ցանկություն է հայտնել ծառայել Ջրականում․ այստեղ ծառայությունն անց է կացրել հինգ տարի:
Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին և ոչ մի պարագայում իր զորքին թույլ չի տվել նահանջել իրենց դիրքերից:
2019թ. սեպտեմբերից տեղափոխվել է Իջևանի N զորամաս, որպեսզի լինի ընտանիքի կողքին: Սեպտեմբերի 30-ից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին:
Առանց երկմտելու և նույնիսկ ընտանիքի անդամներին հրաժեշտ տալու մեկնել է Արցախ՝ պաշտպանելու հյուսիսային հատվածի՝ Մատաղիսի դիրքերը: Մոտ մեկ ամիս հրամանատարին վայել հզորությամբ պահել է դիրքերը: Հոկտեմբերի 16-ին ստացել է բեկորային վնասվածքներ, սակայն հոսպիտալում անմիջապես հեռացնել է տվել բեկորներն ու վերադարձել դիրք՝ իր զինվորների մոտ:
Արմեն Սահակյանը զոհվել է Դրմբոնը պաշտպանելիս՝ հոկտեմբերի 28-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից:
Որպես հրամանատարի՝ նրա մասնագիտական ունակությունների ու նվիրման մեծագույն վկայությունը մնաց առարկայապես՝ կապիտան Սահակյանի ստորաբաժանումն իր խնդիրը կատարեց լիովին։ Իսկ Արմենը միացավ հանուն Հայրենիքի անմահացածների բանակին՝ իր մշտական ներկայութամբ մնալով մեր կողքին՝ որպես օրինակ և ուղեցույց․․․






Տղերքը․ Աշոտ Վարդապետյան

«Միշտ ասել եմ, որ ինձ նման յուրաքանչյուր աղջիկ Աշոտի նման եղբայր պիտի ունենա․․․»․ ասում է նրա քույրը՝ Անի Վարդապետյանը։

«Տղերքը» հաղորդաշարն այսօր պատմում է 44-օրյա պատերազմում անմահացած տավուշեցի Աշոտ Վարդապետյանի մասին։

Աշոտի հերոսացման մասին պատմել են իր ընկերները, իր հրամանատարները․ դժվարին մարտից առաջ ավագ ընկերները, իմանալով, թե ինչ է իրենց սպասվում, անգամ հորդորել են՝ «կարող ես՝ խուսափի՛ր, մի՛ գնա», բայց նա չի երկմտել․ «որտեղ իմ ծառայակիցներն են, այնտեղ էլ ես պիտի լինեմ»։

Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։
2006-2018 թվականներին սովորել է Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցում։

Դպրոցական տարիներին հաճախել է շախմատի, 8 տարի հաճախել է ֆուտբոլի։ Խաղեր է ունեցել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև Վրաստանի Հանրապետությունում։ Դպրոցն ավարտելուն պես մեկնել է զինվորական ծառայության։

Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախի հարավային սահման:

Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն Հայրենիքի:

Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով:






Տղերքը․ Գառնիկ Հովակիմյան

«Ոչ մի անգամ չի ասել՝ իրանց մոտ ինչ ա կատարվում․ մենակ ասում էր՝ ոչ մի բան մեզ մոտ չկա, կոֆե ենք խմում․․․» (պատմում են Գառնիկ Հովակիմյանի մայրը):

«Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսը Գառնիկ Հովակիմյանն է։ Պատասխանատու աշակերտ, հարեհաս ընկեր, կողքինին հասնող ու օգնող մարդ՝ մշտապես նեցուկ իր ընտանիքին ու հարազատներին․ հենց այսպիսինը նա կմնա իրեն ճանաչելու բախտն ունեցած մարդկանց սրտերում։

Գառնիկ Հովակիմյանը ծնվել է 2001 թ․ մարտի 15-ին։ 2007 թ․ ընդունվել է Հովքի միջնակարգ դպրոց և ավարտել այն 2019 թ․։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ԻՄ Դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետ։

Հայոց բանակ է զորակոչվել 2019 թ․ հունիսի 26-ին։ Ծառայել է Արցախի Հանրապետության «Մարտունի-2» պաշտպանական զորամասում։ Ծառայության ընթացքում բարձր պատասխանատվության համար արժանացել է շնորհակալագրի և պարգևատրվել է ժամացույցով։

2020 թ․ սեպտեմբերի 27-ից եղել է մարտական դիրքերում։ Զոհվել է նոյեմբերի 4-ին՝ հակառակորդի հարձակումը կասեցնելու ժամանակ, տանկի արկի պայթյունի հետևանքով։

Մարտի դաշտում ցուցաբերած քաջության համար Գառնիկ Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Գթության մայր» մեդալներով։

Գառնիկի ընտրությունն ու որոշումն էր՝ նվիրվել մինչև վերջ, կռվել մինչև վերջ, փրկել մարտական ընկերոջ կյանքը՝ Հայրենիքին նվիրելով ամենը, ինչ ուներ։

Ինչպես հարազատ դպրոցում հավաստում են նրա ուսուցիչները՝ մնում է մեր պարտքը՝ հիշել նրան ու նրա հերոսությամբ դաստիարակել ապագա սերունդներին․․․




Տղերքը․ Հայկ Պապյան

«Չպարտվող, ցավը արհամարհող, ճարպիկ, ֆիզիկապես ուժեղ, հնարամիտ․ դեռ փոքրուց սովորել էր կողմնորոշվել տեղանքում, տիրապետել զենքին, մարտարվեստին․․․կարելի է ասել՝ Հայկը պատրաստի զինվոր էր՝ իր ողջ էությամբ․․․» (պատմում է Հայկ Պապյանի հորեղբայրը)։

«Տղերքը» հաղորդաշարի մեր այս թողարկման հերոսը Տավուշի մարզի Բերդ համայնքից Հայկ Պապյանն է։ Ինչպես կյանքում, այնպես էլ մարտի դաշտում նա ընտրեց մինչև վերջ չհանձնվելը՝ պատիվն ու սերն առ Հայրենիք վեր դնելով ամեն ինչից։ Մարտի դաշտում Հայկի արարքների մասին վկայությունները բազմաթիվ են՝ հրամանատարներից, իր շնորհիվ փրկված ընկերներից ու զինակիցներից․․․

«Հոկտեմբերի 5-ին, երբ վաշտի հրամանատարը վիրավորվում է, Հայկն իր ընկերոջ հետ իրենց ձեռքն են վերցնում հրամանատարությունը․․․ և մնում են դիրքերում, և պայքարում են մինչև վերջ»։

Հայկ Պապյանը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, 2001 թ․ հունվարի 20-ին։ Սովորել է Բերդ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում։ 10 տարեկանից մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություններին, նաև՝ միջազգային մրցաշարերի և գրավել պատվավոր հորիզոնականներ։

2015 թ․ ընդունվել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ շարունակել է իր սպորտային կարիերան և ստացել մարզչի որակավորում։ Այնուհետև ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրս՝ Ազատ ոճի ըմբշամարտի բաժին։

2019 թ․ հուլիսի 5-ին զորակոչվել է բանակ։ 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, որից հետո տեղափոխվել է Գորիս, ստացել սերժանտի կոչում։

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններին։ Հայկը պատերազմի ընթացքում կռվել է մի շարք դիրքերում։ Սեպտեմբերի 27-ին իր տեխնիկայի պայթելուց հետո վիրավորվել է, բայց հիվանդանոցում չի մնացել և բարձրացել է դիրքեր՝ ընկերների մոտ։

Նա բազմաթիվ ընկերների մարմիններ է դուրս բերել թշնամու հրետակոծության ժամանակ։ Իրեն վստահված ՀՄՄ-ի վրա տեղավորելով բոլոր զինվորներին՝ տեղափոխել է ապահով վայր, ապա թշնամուն շփոթության մեջ գցելու համար, զինվորներին ապահով վայրում թողնելով, թշնամու վնասած տեխնիկայով մի կերպ վերադարձել է, թողել տեխնիկան փոսի մեջ և այնուհետև միայն ոտքով վերադարձել զորքի մոտ։

Հոկտեմբերի 15-ին թշնամու կողմից Ջաբրայիլի Հավսլի դիրքի գրավման ժամանակ 18 զինվորներով մնացել են ռմբակոծության տակ և համարվել անհետ կորած մինչև դեկտեմբերի 18-ը։

Հայկ Պապյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով։

Հայկն, ով իր նահատակությամբ հավերժաբար կապվեց հայրենի հողին, իր ապագան ու երազանքներն էլ միայն իր հող ու ջրի հետ էր կապում։ «Ավարտեմ-գամ՝ Բերդում սպորտդպրոց դնեմ, մարզիչ աշխատեմ»,-այսպես էր գծում իր ապագան։ Հիմա էլ իր ուսերին մեծացած փոքր եղբայր՝ Գևորգն է վճռել կիսատ չթողնել Հայկի գործն ու երազանքը՝ դառնալ ըմբշամարտի չեմպիոն։