Տղերքը․ Միքայել Եգանյան

Ծառայություն ընտանիքին, ծառայություն Հայրենիքին․ «Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսը՝ Միքայել Եգանյանն իր ընտանիքին և այդ միջոցով նաև՝ Հայրենիքին մեծ նվիրումով ապրելու օրինակ է։

Միքայել Եգանյան, նռնակաձիգ: Ծնվել է 2001թ. օգոստոսի 14-ին, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում: Սովորել է Լուսաձորի միջնակարգ դպրոցում:

2019թ. հունվարին Միքայելը զորակոչվել է բանակ «Ես եմ» ծրագրով, ծառայել է «Մարտունի 3»-ում: Թեժ մարտերի ընթացքում վիրավորվել է խրամաբջիջում՝ ականանետի հարվածից, երկու զինակիցների հետ միասին: Զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 1-ի գիշերը, հիվանդանոցի ճանապարհին:

Միքայել Եգանյանը հետմահու պարգեւատրվել է Արիության եւ Մարտական ծառայություն մեդալներով:

Շատ երեխաներ էր ուզում ունենալ, իր տունը նորոգել ու կառուցել․ տան միակ զավակն էր և ամենայն պատասխանատվությամբ ստանձնել էր ընտանիքի մասին հոգ տանելը։ Այս նույն սիրով էլ սիրեց Հայրենիքը և նույն պատասխանատվությամբ մեր երկրի հանդեպ՝ անմահացավ․․․




Տղերքը․ Ժորա Փարսյան

Հանգիստ, համեստ, լուռ, հոգատար ու նվիրված․ այսպիսինն է նա մնացել ու կմնա իր հարազատների սրտում՝ որպես հանուն շատերի կյանքի իր կյանքը նվիրած հերոս։ «Տղերքը» հաղորդաշարի այս թողարկման մեջ պատմում ենք տավուշեցի Ժորա Փարսյանի մասին։

Ժորա Փարսյանը ծնվել է 2001 թ․ հունվարի 12-ին, Իջևան քաղաքում։ 2006 թ․-ից հաճախել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2012 թ․-ից դասերին զուգահեռ հաճախել է «Ավանդույթ» երաժշտական դպրոց՝ դհոլի բաժին։ Մասնակցել է բազում փառատոնների և վերադարձել հաղթանակներով։

2015 թ․ ուսման է անցել Իջանի տարածաշրջանային պետական քոլեջի «Ֆինանսներ» բաժնում։ Ավարտել է 2018 թ․՝ գերազանցության դիպլոմով՝ հետագայում բուհ դիմելու նպատակով։ Մասնակցել է Տավուշի մարզի հրաձգության մրցաշարին, գրավել առաջին տեղը։

2019 թ․ հուլիսի 19-ին ծառայության է անցել Սիսիանում, եղել է սերժանտ։ 2020 թ․ սեպտեմբերի 8-ին տեղափոխվել է Արցախ։ Մարտնչել է Ջրականում, Վարանդայում, Հադրութում, որտեղ էլ անմահացել է հոկտեմբերի 14-ին։

Ինչպես շատ-շատերը 44-օրյա պատերազմի ծանր օրերին, այնպես էլ Ժորան կռվի դաշտում կատարեց իր ընտրությունը՝ Հայրենիքն ու իր հայրենակիցների կյանքերը վեր դասելով սեփականից։




Տղերքը․ Նարեկ Բալասյան

«Ինքն իր տեղով ուրախություն էր, փոթորիկ․․․»։ Մաքուր սրտով, հավատարիմ, միշտ ու ամենուրեք հասնող․ այսպես են հիշում Նարեկին բոլորը՝ ընտանիքը, ընկերները, ուսուցիչները․․․ Իսկ զինակից ընկերները բազմիցս վկայում են սխրանքների և փրկած կյանքերի մասին։




Տղերքը․ Շիրակ Գասպարյան

«Մի թող, որ դարիդ սև արատներով հոգիդ վարակվի և ննջի անարգ․․․», – այս տողերը գրել ու դրանց հավատարիմ մնալ էր կարողացել մեր այսօրվա հերոսը՝ Շիրակ Գասպարյանը։

Ապրել իսկական արժեքներով և զոհաբերել ամենաթանկը, զոհաբերել վստահ ու գիտակցաբար՝ ասելով, որ «առանց զոհաբերության երբևէ հաղթանակ չի կերտվել»․ այսպիսինն է Շիրակի կյանքի ու նահատակության նկարագիրը։

Տղերքը հաղորդաշարի առաջին թողարկումը.



Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թ․, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Շիրակը տան փոքր զավակն էր, ում ծնունդը երկար սպասված է եղել։

2005 թ․ ընդունվել է Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2016 թ․ ավարտում է դպրոցը, ապա ընդունվում ԵՊՀ ԻՄ Պատմության բաժին։ 2020 թ․ բուհն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ավելի քան 15 բուհից հրավեր է ստացել, բայց ընտրել է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը։

Շիրակը նախընտրեց ծառայել բանակում՝ իր պարտքը հանձնել Հայրենքին, այնուհետև միայն մեկնել Չեխիա։

Ծառայության է մեկնել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայության է անցել Ջրականում՝ Մեխակավանում։ Մի քանի ամսում ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից։ Շիրակը նահատակվել է թշնամու հրազենի կրակոցից։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Աչաջրում։

Շիրակ Գասպարյանն իր ցուցաբերած քաջության ու մեծ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Շիրակենց տան բակում՝ Աչաջուր գյուղի մեջ, նրա ընտանիքի և հատկապես հոր ջանքերով այժմ վեր է բարձրանում նրա երազանքը՝ փոքրիկ եկեղեցին, որտեղ այցելուների աղոթքները նրանց էլ ավելի կմոտեցնեն այն անմահությանը, որին խորապես հավատում էր Շիրակը․․․

 




Հուշ-ցերեկույթ՝ նվիրված անմահացած զինծառայող Հայկ Պապյանի հիշատակին

Օրերս Բերդի մշակույթի տանը կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված հանուն Հայրենիքի անմահացած զինծառայող Հայկ Պապյանի հիշատակին։

 




Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ալիկ Հախվերդյանի հիշատակին

Արդեն ոչ մեր կողքին, բայց մշտապես մեզ հետ՝ իր ներկայությամբ ու տաղանդով 

Հոկտեմբերի 9-ին Դիլիջանի Հ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում տեղի է ունեցել ցուցահանդես և հուշ-ցերեկույթ՝ նվիրված դպրոցի շրջանավարտ, հաղարծինցի Ալիկ Հախվերդյանի հիշատակին։
Հավերժ փառք Հայրենիքի խաղաղության համար ընկած մեր բոլոր հերոսներին։



Հուշ-ցերեկույթ` նվիրված Վազգեն Գրիգորյանի 45-ամյակին

Պատերազմի սկսվելու օրը Վազգենը հերթապահության էր։ Թեև վիրահատության սպիները դեռ թարմ էին, կնոջը խնդրել էր հավաքել իրերը, որ պատերազմ գնա։ Այդպես էլ արեց․․․
Վազգեն Գրիգորյանը ծնվել է 1976թ. Գանձաքար գյուղում: 14 տարի ծառայել է ոստիկանության համակարգում, ուներ բազմաթիվ խրախուսանքներ, չուներ ոչ մի նկատողություն:

2021թ. հետմահու պարգևատրվել է մարտական զորակցություն, մարտական ծառայություն և Արիության մեդալներով:
Հավերժ փառք Հայրենիքի խաղաղության համար ընկած մեր բոլոր հերոսներին:



Հերոս փոխգնդապետ Արմեն Օհանյանն այս տարի կդառնար 50 տարեկան

«Հայրենիքն սկսվում է մեր սահմաններից»․ հերոս փոխգնդապետ Արմեն Օհանյանն այս տարի կդառնար 50 տարեկան․․․