Իրազեկում օդային տագնապի վերաբերյալ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Պավլիկ Աբազյանի հիշատակին կկայանա հուշ-երեկո

2023 թվականի հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված Պավլիկ Աբազյանը մայիսի 30-ին կդառնար 20 տարեկան: Պավլիկի ծննդյան օրը`մայիսի 30-ին, ժամը 16:00-ին Իջևանի Մշակույթի տանը կկայանա հիշատակի երեկո:

«Հավերժ Չեմպիոնը». այս խորագիրն է կրում Պավլիկին, նրա հերոսություններին նվիրված հուշ-երեկույթը:

Կազմակերպիչները հրավիրում են մասնակից լինելու կայանալիք միջոցառմանը:

Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր. երկար տարիներ զբաղվել է սպորտով, գրանցել բազմաթիվ հաջողություններ:




Շիրակ Գասպարյանի հիշատակին եկեղեցի է կառուցվում

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Շիրակ Գասպարյանի ծնողներն իրենց որդու և արցախյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակն հավերժացվող եկեղեցի են կառուցում իրենց գյուղի՝ Աչաջուրի սրտում։

Եկեղեցու զանգը նվիրաբերել է Գևորգ Սայադյանը, ով՝ իր ընկերների հետ միասին, 2 տարի առաջ, լսելով եկեղեցու կառուցման մասին լուրը, միանգամից հանձն էր առել՝ նվիրաբերել գմբեթի խաչը։
_____

Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թ․, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Շիրակը տան փոքր զավակն էր, ում ծնունդը երկար սպասված է եղել։

2005 թ․ ընդունվել է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2016 թ․ ավարտում է դպրոցը, ապա ընդունվում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Պատմության բաժին։ 2020 թ․ բուհն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ավելի քան 15 բուհից հրավեր է ստացել, բայց ընտրել է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը։
Շիրակը նախընտրեց ծառայել բանակում՝ իր պարտքը հանձնել Հայրենքին, այնուհետև միայն մեկնել Չեխիա։

Ծառայության է մեկնել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայության է անցել Ջրականում՝ Մեխակավանում։ Մի քանի ամսում ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից։ Շիրակը նահատակվել է թշնամու հրազենի կրակոցից։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Աչաջրում։

 

«Տղերքը». Շիրակ Գասպարյան




Հուշամրցաշար` նվիրված Պավլիկ Աբազյանի հիշատակին

Կյոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի մարզիչ Ստեփան Սարհատյանի նախաձեռնությամբ մայիսի 7-ին տեղի ունեցավ կարատեի մարզային առաջնություն՝ նվիրված զոհված ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանի հիշատակին։
Հուշամրցաշարին ներկա էին նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Պավլիկ Աբազյանի ծնողները, ընկերները։
Պավլիկ Աբազյանն Աչաջուր գյուղից էր։ Նա նույնպես զբաղվել է կյոկուշինկայ կարատեով և գրանցել բազմաթիվ հաջողություններ։




Աչաջրի մարզադաշտում կայացավ ՀՖՖ Սիրողական ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկած Սիրողական ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը շարունակվում է։ 

Մարտի 18-ին Աչաջուր գյուղի մարզադաշտում կայացավ Աչաջրի «Բենտոնիտ» և Արարատի «Արաքս» ֆուտբոլային ակումբների հանդիպումը։ 

Սիրողական առաջնությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գրանցված 10 սիրողական ակումբները։ Առաջին անգամ սիրողական լիգայում երեք լավագույն արդյունքները գրանցած թիմերը հնարավորություն կունենան հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Fastex Հայաստանի գավաթի խաղարկությանը։ 

Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջնության յոթերորդ տուրի հանդիպումները շարունակվում են։ Առաջիկայում սպասվում են նոր մրցապայքարներ։ 




Աչաջրի միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցել են «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթին

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն էր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Աչաջրի միջնակարգ դպրոցի սաները իրենց փոքր տեսահոլովակով փորձել են ներկայացնել մեր բարբառի գեղեցկությունը․




Լույս է տեսել «Աչաջուրը և աչաջրեցիները» գիրքը

Լույս է տեսել անվանի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր Հենզել Մանուչարյանի «Աչաջուրը և աչաջրեցիները» աշխատությունը: Գիրքը պատմում է հեղինակի գյուղի հանդեպ խորունկ սիրո մասին։

Հեղինակը նաև իր երախտագիտությունն է հայտնում անցած սերունդների ու գյուղի հոգսերով ապրած, գյուղի անունը բարձր պահած անձանց։ Գիրքը նաև պատգամ է ներկա ու գալիք սերունդներին՝ սիրել հայրենի եզերքը, ապրել ու արարել նրա սրբազան շնչով, Մակարավանքի տեսիլքով։

Հենզել Մանուչարյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է։ Ծնվել է 1944 թվականին Աչաջուր գյուղում։




Զորամասի հրդեհից զոհված Պավլիկ Աբազյանը Աչաջուր գյուղից էր. նա տան միակ որդին էր

Գեղարքունիքի մարզի N զորամասի հրդեհի հետեւանքով մահացած Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր։ Այս մասին պատմեց գյուղապետ Կարեն Ղալթախչյանը։

Գյուղապետը պատմեց, որ Պավլիկը այս տարվա ամռանն էր զորացրվելու։ Նա տան միակ որդին էր. «Իրենից մեծ քույր ունի, վերջերս էր ամուսնացել քույրը»։

Նա պատմեց, որ Պավլիկը Կարատեով էր զբաղվում, սովորում էր Երեւանում։

Նրա մարզիչ Ստեփան Սարհատյանը պատմում է․

«Նա հաղթել է նաև մի շարք միջազգային մրցույթներում, նա ոչ միայն իմ լավագույն աշակերտներից էր, այլ նաև ամբողջ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը»,– ցավով նշում է Ստյոպա Սահրադյանը։

Պավլիկ Աբազյանը դպրոցն ավատելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ «Անկրկնելի մարդ էր, բոլորից տարբերվում էր, համեստ էր ու շատ ուժեղ»,– ասում է մարզիչը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։




Տավուշյան էսքիզներ․ Աչաջուր․ գյուղն ու մարդիկ

«Տավուշյան էսքիզներ» շարքի օբյեկտիվում այս անգամ Աչաջուրն է՝ գյուղը, վանքը, «հողի գործը», երազանքներն ու խաղաղության մաղթանքը։

Աչաջուրը Տավուշի մարզի ամենահին ու ամենամեծ բնակավայրերից է։

Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան

Երաժշտությունը՝ Nor Dar – Hoi Nazan




Տավուշյան էսքիզներ․ Մակարավանք

Ամառային ու կանաչախեղդ տեսանյութով պատմելու ենք եկել Աչաջուր գյուղի բարձունքում կանգնած գեղեցկուհու մասին։

Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան
Երաժշտությունը՝ Element Band – Անուշ Հայրենիք