«Տավուշյան էսքիզներ» շարքի օբյեկտիվում այս անգամ Աչաջուրն է՝ գյուղը, վանքը, «հողի գործը», երազանքներն ու խաղաղության մաղթանքը։
Աչաջուրը Տավուշի մարզի ամենահին ու ամենամեծ բնակավայրերից է։
Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան
Երաժշտությունը՝ Nor Dar – Hoi Nazan
Տավուշյան էսքիզներ․ Մակարավանք
Ամառային ու կանաչախեղդ տեսանյութով պատմելու ենք եկել Աչաջուր գյուղի բարձունքում կանգնած գեղեցկուհու մասին։
Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան
Երաժշտությունը՝ Element Band – Անուշ Հայրենիք
Տղերքը․ Աշոտ Վարդապետյան
«Միշտ ասել եմ, որ ինձ նման յուրաքանչյուր աղջիկ Աշոտի նման եղբայր պիտի ունենա․․․»․ ասում է նրա քույրը՝ Անի Վարդապետյանը։
«Տղերքը» հաղորդաշարն այսօր պատմում է 44-օրյա պատերազմում անմահացած տավուշեցի Աշոտ Վարդապետյանի մասին։
Աշոտի հերոսացման մասին պատմել են իր ընկերները, իր հրամանատարները․ դժվարին մարտից առաջ ավագ ընկերները, իմանալով, թե ինչ է իրենց սպասվում, անգամ հորդորել են՝ «կարող ես՝ խուսափի՛ր, մի՛ գնա», բայց նա չի երկմտել․ «որտեղ իմ ծառայակիցներն են, այնտեղ էլ ես պիտի լինեմ»։
Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։
2006-2018 թվականներին սովորել է Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցում։
Դպրոցական տարիներին հաճախել է շախմատի, 8 տարի հաճախել է ֆուտբոլի։ Խաղեր է ունեցել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև Վրաստանի Հանրապետությունում։ Դպրոցն ավարտելուն պես մեկնել է զինվորական ծառայության։
Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախի հարավային սահման:
Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն Հայրենիքի:
Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով:
Ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
Կիրակնօրյա Պատարագ, ազգային երգ ու պար, ավանդական խաղեր ու հյուրասիրություն․ Տավուշ TV-ն պատմում է, թե ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում։
Ապրիլի 17-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ Տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է «զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված»: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ինչպես ամեն տարի, Հարության տոնը յուրովի է նշվել Տավուշի բոլոր համայնքներում։ Մեր նկարահանող խումբը եղել է Մակարավանքում, որտեղ հավաքվել էին Աչաջուր գյուղի և շրջակա համայնքների պատանիներն ու երեխաները՝ միասին Պատարագի մասնակցելու։ Տոնը շարունակվել է վանքի բակում ավանդական հավկիթախաղով ու երգ ու պարով։
Նոյեմբերյան համայնքի մեր թղթակիցները ներկա են եղել Զատկի տոնակատարությանը Ոսկեվանի սբ․ Գայանե եկեղեցու բակում։ Զատկական միջոցառումը կազմակերպել էին Ոսկեվանի Մշակույթի կենտրոնը, Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցների սաները։
Բերդ համայնքում Հարության տոնն ամենամեծ շուքով նշվել է Բերդ քաղաքում՝ սբ․ Հովհաննես եկեղեցու բակում։ Պատարագից հետո ազգային երգ ու պարի ուղեկցությամբ Բերդ համայնքի 17 բնակավայրերը, ինչպես նաև Բերդի բազմագործառութային պետական քոլեջը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղը առանձին տաղավարներով ներկայացրել են Զատկի խորհուրդը, զատկական ավանդույթներն ու ուտեստները:
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի։ Մեզ և ձեզ մեծ Ավետիս։