Տներ, որոնք արդեն հայրենիքում չեն

voskepar

Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից հետո ոսկեպարցի Գրիշա Գեւորգյանը սեփական տնից դուրս գալ չի կարողանա․ դարպասին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը։

Փողոցը, որտեղ ապրում է, նոր սահմանագծով երկու մասի է բաժանվելու։ Մի քանի տուն նույնպես «կիսվելու» են։

«Մեզ քոչացնում, վերացնում են էստեղից։ Վարչապետն ասում ա՝ տունդ ծախի, առնեմ։ Գյուղը դատարկում ա, որ հեշտությամբ տա։ Դիրքերում, որ թուրքը էկավ, նստեց, ո՞նց ա պահելու էս տարածքը։ Չի՛ պահելու, բրախիլ տի, տա իրանց, մեզ էլ թուրքերը տանեն։ Տեղի ժողովուրդը լավ պատկերացնում ա, թե ինչ կարա ըլի, ղրաղի (կողքի – հեղ․) մարդիկ չեն պատկերացնում»,- սրտնեղելով ասում է Գրիշա Գեւորգյանը։

Հարեւաններից ոմանց դեպքում էլ սահմանը դարպասից այն կողմ է, գոնե խանութ, գյուղամեջ դուրս գալու հնարավորություն կունենան։ Բայց որոշել են՝ երեխաներին կհանեն գյուղից։

«Էրեխեն ըստի ի՞նչ անի, էս գազի տրուբեն ա սահմանը։ Եթե չմոտենան, մենք կմնանք, կապրենք։ Բայց եթե էկան, խանգարեցին, իմաստ չունի էստեղ մնալը»,- ասում է ոսկեպարցի Գագիկը։

Փողոցի վերջում՝ ամենավերեւում, երեք առանձնատուն կա։ Մեկը դատարկ է։ Ռուսաստանում ապրող տանտերն այն կառուցելիս հաստատ չի հաշվարկել, որ մի օր հայրենի գյուղի այդ կտորն իր տան հետ միասին, հնարավոր է, Ադրբեջանին տան։

Մյուս երկու տները բնակեցված են։ Դրանց տերերը նույնպես իրենց արած-դրածից ինքնակամ հրաժարվելու հաշվարկներ գոնե երեսուն տարի չեն արել։ Մտահոգություններ վերջին շրջանում՝ 44-օրյա պատերազմից հետո են ունեցել։

«2021 թվին ենք Նոյեմբերյանի կադաստր գնացել, որ վկայական հանենք, մտիկ արին քարտեզ-մարտեզ, ասին՝ թուրքի տարածք ա։ Ու ասին՝ եթե սահմանազատում տեղի ունենա, հայկականացնեն, էն ժամանակ էլ վկայական կտան», — պատմում է Ոսկեպարի բնակիչ Սիրվարդ Բեգլարյանը՝ նշելով, որ տան հետ կապված այլ փաստաթուղթ չունեն․ տարածքը դեռ 1990-ականներին գյուղապետարանն է տրամադրել։ Ասել են՝ գնացե՛ք, տուն սարքեք, ապրեք։

Հիմա, երբ սահմանազատման գործընթացն իրողություն է, տարածքների «հայկականացում» չի արվում։ Ավելին՝ նախատեսվում է Ոսկեպարի երկրորդ փողոցի առաջին նրբանցքից երեք տուն հանձնել Ադրբեջանին։ Փողոցն Իջեւան-Բագրատաշեն մայրուղու՝ Կիրանց-Ոսկեպար հատվածից թշնամու դիտակետում է լինելու։

«Էն կարմիր տան մոտով, մեր էս երկու տներն էլ հետը, մի քիչ աջով բարձրանում ա, մինչեւ Կիրանցի դրոշակը։ Էս վերեւը գլխավոր ճանապարհն ա՝ դեպի Իջեւան, Դիլիջան։ Չորս օրում քարտեզ չեն գծում, սա շուտվա պայմանավորված բան ա։ 29,800-ից քիչ-քիչ հանում ա»,- ասում է Սիրվարդի որդին՝ Անդրանիկը։

Ոսկեպարցի երիտասարդը վստահ է՝ թուրքը եկավ՝ մայրուղին փակելու է, «վիճելի տարածքներից» էլ մի գրամ հող չի զիջելու։

Տիկին Սիրվարդը, որ օրեր առաջ վստահ էր՝ տնից ոչ մի գնով չի հեռանալու, հիմա արդեն տունն այրելու մասին է մտածում։ Հակասական մտքերն, ասում է, վերջին օրերի տագնապից են գալիս։

«Մինեքը հանել են, բա ո՞նց չվախես։ Իրիկունը անց կացավ՝ թուրքը էկավ, տենող չելավ։ Գալու ա, մորթի, գնա, ո՞վ ա մեր տերը»։

Ոսկեպարում փորձում, բայց չեն կարողանում հասկանալ՝ «վիճելի եռանկյունուն», Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից՝ նախկինում ադրբեջանցիներով բնակեցված գյուղին, մայրուղու մի հատվածին այդ ինչպե՞ս գումարվեցին փողոցն ու տները։

Կիրանցի բնակիչ Մհեր Սիմոնյանն արդեն պայմանավորվել է՝ եթե պայքարը չհաջողեն, եւ սահմանը գծվի, տրակտորիստ է գալու, տունը քանդի։ Տունը, որ 21 տարվա արտագնա աշխատանքի արդյունքում է կառուցել։ Ծառերն էլ, հավանաբար, պտուղ տալ չեն հասցնի․ ծաղկած այգին էլ մտադիր է հատելու․․․ «որ թուրքին չմնա»։

«1975 թվին ա կառուցվել էս տունը։ Սովետմիության ժամանակ էլ չէիր կարա Ադրբեջանի տարածքում ինչ-որ բան անես։ Կադաստրի վկայականը ձեռիս, արխիվ կա վերջապես, թե ումից եմ առել, որտեղ ա էդ տունը։ Բայց կադաստրի փաստաթուղթն էլ հիմք չի։ Այսինքն, մենք անօրինական, ապօրինի զավակներ ենք էս երկրի համար, ովքեր ապօրինի ընտրություն են արել, բանկից փող վերցրել։ Ստացվում է՝ ադրբեջանի քաղաքացի եմ, կարամ, օրինակ, էդ փողը չտամ», — ասում է Մհերը։

Վերջին օրերին Կիրանցի երեք տասնյակից ավելի բնակիչներ համացանցում իրենց պատկանող տների, շինությունների եւ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների կադաստրային վկայականներն են հանրայնացրել՝ ցույց տալու համար, որ սահմանազատման գործընթացով Ադրբեջանին լրիվ կամ մասնակի տրվող տարածքները որեւէ աղերս չունեն այդ երկրի հետ։ Եվ չեն ունեցել։ Ինչպես որ ադրբեջանական չեն գյուղի պատմական կենտրոնը, եկեղեցին, գերեզմանոցը, որոնց միջով էլ անցնելու է հայ-ադրբեջանական նոր սահմանագիծը։

Իսկ Կիրանցի դպրոցի նորակառույց շենքն այդ գծից ընդամենը 20 մետր է հեռու։ «Ո՞ր մի խելացի ծնողը կթողի իրա էրեխեն էստեղ դպրոց գնա»,- հարցնում է Մհերը։

Իրենք տանը դպրոցական չունեն։ Տղան, որ օրեր առաջ էր ՌԴ մեկնել՝ աշխատելու, վերադարձել է։ Աղջիկն էլ հարեւան Ծաղկավանից է երեխայի հետ հայրական տուն շտապել, որ նաեւ գերեզման՝ տատին այցելի։ Գուցե վերջին անգամ, ասում է։

Հեղինակ` Տաթևիկ Ճուղուրյան, Ալիք Մեդիա




Կիրանցում մինչ այս պահը տեղադրված սյուներն իրենց օգտին են համարում

Իրավապահները թույլատրել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին մոտենալ տեղադրված սահմանային սյուների հատված և հնարավորության սահմաններում մոտիկից դիտարկել, թե որ հատվածներում են դրանք տեղադրվել։ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ` Շահինյանն ասաց, որ այս պահի դրությամբ գոհ է սահմանազատման արդյուքններից՝ շեշտելով՝ այն 57 հողակտորները, որոնց շուրջ գյուղացիները մտահոգություն էին հայտնում, այս պահի դրությամբ դրանք հայկական վերահսկողության տակ են։

Վարչական ղեկավարը նաև նշեց, որ 11-րդ սյունն է տեսել, որը Խեյրիմլիի և Կիրանցի սեփական հողերը բաժանող գետի մեջ է տեղադրված։
Շահինյանի տեղեկություններով՝ սառեցվել է գործընթացն այն հատվածներում, որն այսօրվա ասուլիսում վարչապետը ցավոտ կետեր անվանեց։

Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Կիրանցի հատվածում ունեն 12 կետ սահմանային, այս պահի դրությամբ 8 կետը որոշված է, սյուները տեղադրված են։

«Ունենք 3 կետ, որոնք առավել զգայուն են և այդ երեք առավել զգայուն կետերի վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի, որովհետև այս կետերում արդեն սանտիմետրերը նշանակություն ունեն և սանտիմետրերով պետք է ճշգրիտ արտահայտենք։ Մի քիչ շատ պետք է չարչարվենք, բայց ինչպես ասել ենք՝ էն պրոբլեմը, որ բարձրացնում են Կիրանցի բնակիչները, էդ պրոբլեմը բարձրացնելու պահից դա պետք է դադարի լինել իրենց պրոբլեմը, դա պետք է լինի ՀՀ կառավարության պրոբլեմը, անձամբ իմ պրոբլեմը», – ասաց գործադիրի ղեկավարը՝ նշելով, որ խնդիրը կլուծեն այնպես, որ գյուղացիները դա բավարար համարեն։

Վարչական ղեկավարի ու գյուղացիների պնդմամբ, այդ ցավոտ կետերը գյուղի կամրջի, դպրոցի ու մասնավոր տների հատվածում են։




«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը` Կիրանցից-Երևան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 4-ին Կիրանցում հայտարարեց`

««Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» որոշեց, որ իր ժողովրդով ուղղակի գնա Երևան և պատասխաններ պահանջի ու պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր, պետք է դադարեցվի՝ այնպես, ինչպես եղել է մեր ժողովրդի պահանջը առաջին իսկ օրվանից»:

Սրբազանը հավելեց, որ նախատեսվում է մայիսի 9-ին հասնել մայրաքաղաք Երևան:

Քայլերթը սկսվեց Կիրանց գյուղից, այնուհետև անցնելով Իջևանը, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծնի վանքի տարածքում, մայիսի 5-ի առավոտյան մասնակցել Պատարագի և շարունակել երթը դեպի Դիլիջան:

«Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք», – նշում է Բագրատ Սրբազան:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերկուսակցական, գաղափարական, ազգային և հոգևոր շարժում է:
Տավուշից դեպի Երևան երթը շարունակվում է: Այս պահին շարժման մասնակիցները Գեղարքունիքի մարզում են:

Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի:




Ականազերծման աշխատանքների շրջանակում պայթուն կլինի Կիրանցում. ՊՆ

Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթուն:

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

 




Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղ տանող ճանապարհը

Այսօր առավոտից ոստիկանական զորքերը փակել են գյուղի ճանապարհը` իրականացնելով ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Իրավիճակը համեմատաբար լարվեց, երբ Տավուշի թեմի առաջնորդի ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը դեպի Կիրանց արգելվեց և քաղաքացիները կրկին պահանջեցին բացել ճանապարհը:

Ժամը 20:00-ի սահմաններում ԱԺ պատգամավոր Գ. Դանիելյանին հաջողվեց այցելել Կիրանց, նա այս պահին գյուղում է:




Կիրանց-Խեյրեմլի գյուղերի հատվածում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:




Ամեն ինչ կարվի Տավուշի բնակիչների լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ապրիլի 28-ի հեռախոսազրույցում դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ, հայտնում են կառավարությունից։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

Ըստ Երևանի ու Բաքվի հայտարարության՝ նրանք «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Տավուշում սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում:

Ամերիկյանի կողմի փոխանցմամբ՝ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթացին: Պետքարտուղարը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։
Բլինքենը նաև ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականին աջակցելու Նահանգների շարունակվող ջանքերը։




Կիրանցում ճանապարհը փակ է, իսկ Բաղանիսում սահման են գծում

Արդեն 10-րդ օրն է փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Կիրանց գյուղի հատվածը։ Բնակիչները իրենց բողոքն են արտահայտում սահմանազատման դեմ։ Բագրատ Սրբազանը կրկին հիշեցնում է՝ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։ Այս օրերին Կիրանցի բնակիչների կողքին են նաև հանրապետության այլ շրջանների քաղաքացիները։

Լուրջ դժվարությամբ շարունակում ենք ճանապարհը Կիրանցից դեպի Ոսկեպար, ապա՝ Բաղանիս։ Բաղանիսում առօրյան սովորականի նման չէ․ վերջին շրջանում գյուղ շատ են այցելում լրատվամիջոցներ, որոնք ըստ բնակիչների խանգարում են իրենց։ Մարդիկ, թեպետ առկա իրողություններին, ապրում են իրենց սովորական կյանքով՝ խնամում այգին, ջուր բերում, հավաքվում ու զրուցում։

Բաղանիսի գյուղացիների համար իրավիճակը փոքր-ինչ անորոշ է, մարդիկ խճճվում են տարբեր տեղերից իրենց հասնող տեղեկատվական հոսքերի մեջ։

Այսօր Բաղանիսում սահման են գծում, բայց մարդկանց հիշողություններից չի հեռանում ավելի քան 35 տարվա սահմանային կյանքը, որը հաճախ անհանգիստ էր, թեժ ու վտանգավոր։




Ինչ կատարվեց Կիրանցում

Արդեն 8-րդ օրն է Կիրանցում փակ է գյուղի ճանապարհը։ Հայաստանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ընդվզում են սահմանազատման դեմ: Այս ընթացքում Կիրանցի բնակիչների հետ հանդիպել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ՝ նպատակ ունենալով բացել ճանապարհը։ Այսօր երեկոյան Կիրանց այցելեց նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով համոզում էր գյուղացիներին կտրուկ գործողությունների չդիմել և համատեղ քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն գյուղացիները չցանկացան լսել նրան։

Այնուհետև փոխոստիկանապետ Կ․ Հակոբյանը և Տավուշի մարզի ոստիկանապետ Ա․ Մկրտչյանը կոչ արեցին բնակիչներին բացել ճանապարհը, որպեսզի սահմանագծման աշխատանքները իրականացվեն։ Քաղաքացիները թույլ չտվեցին մեքենայի տեղաշարժը, որից հետո հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև քաշքշուկ և հրմշտոց տեղի ունեցավ։

Ոստիկանական ուժերը տեղում հայտնեցին, որ բերման ենթարկվածներ չկան։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես եկավ հանդարտեցման կոչով, բնակչությանը հորդորելով չտրվել սադրանքների և բացել ճանապարհը։ Ճանապարհը մի քանի րոպեով բացվեց և կրկին փակվեց։ Բողոքի ակցիան Կիրանցում շարունակվում է․ առջևում 9-րդ օրն է։




Փակվում են ճանապարհներ և փողոցներ. Օր 7

Հայաստանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ փողոցներ փակելու տեսքով: Բնակիչների ընդվզում են սահմանազատման դեմ:

Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին դեռ փակ է մի քանի մասում՝ Կիրանցի, Ալավերդու և Բագրատաշենի հատվածներում:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի: