Ադրբեջանի կողմից կրակ է բացվել հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում:

ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաեւ, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք  լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել:




Ադրբեջանական կողմը կրակ է բացել Չինարի գյուղի ու Վերին Շորժայի ուղղությամբ

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։




Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը`սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 31-ին՝ հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում: Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Գրիգորյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, թե հանձնաժողովների հանդիպման «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 30-ին` կրկին Իջևանի և Ղազախի հատվածում:




Տավուշում սահմանային իրավիճակը հանգիստ է

Տարածվող տեղեկությունը՝ Նոյեմբերյան և Բերդ համայնքի ուղղությամբ կրակոցների մասին չի համապատասխանում իրականությանը։ Տավուշ Մեդիայի հետ զրույցում հայտնեց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

– Տարածվող լուրերը, իբրև Պառավաքարի ուղղությամբ հրաձգություն է՝ ապատեղեկատվություն է, – հավելեց համայնքապետը։

Իր հերթին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հավաստմամբ՝ սահմանի՝ իրենց տարածաշրջանի հատվածում ևս այս պահին լարվածություն չկա։




5.8 մագնիտուդ երկրաշարժ Իրանի հյուսիսում

Հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով Իրանի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզի որոշ շրջաններում։




Սուրեն Պապիկյանը Նենսի Փելոսիին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:

Պաշտպանության նախարարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Աղբյուր՝ Հայաստանի Հանրային Ռադիո