Մեկնարկում են Աղետների դիմակայության օրվան նվիրված միջոցառումները
1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 36-րդ տարելիցի կապակցությամբ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հանրապետության տարածքում մեկնարկում է «Աղետների դիմակայության օր» խորագրով հանրային իրազեկման միջոցառումների շարքը՝ ընդգրկելով պետական կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ուսումնական և բժշկական հաստատություններ, շահագրգիռ այլ կառույցներ։
Միջոցառումների շրջանակներում Երևանում և մարզերում կիրականացվեն հանրային իրազեկման արշավներ, հուշ-երեկոներ, սեմինար-պարապմունքներ, ուսումնավարժություններ, թեմատիկ դասախոսություններ՝ ուղղված աղետների կանխարգելմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը, բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանն ու դիմակայունության բարձրացմանը։
Լայնածավալ միջոցառումները միտված են զարգացնելու պատրաստվածությունը բոլոր մակարդակներում՝ սկսած դպրոցներից մինչև համայնքներ, միաժամանակ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Կներկայացվեն աղետներից քաղված դասերը՝ միավորելով բնակչությանն աղետների դեմ միասնական պայքարի ոգով։
Այս նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրության պատրաստվածության մակարդակը և նվազեցնել աղետների հետևանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենախոցելի և թիրախային խմբերին, միաժամանակ ամրապնդելով բազմակողմանի համագործակցությունը՝ պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու բնակչության միջև, որոնց միջոցով համատեղ աշխատանքը կնպաստի ավելի անվտանգ և պատրաստ հասարակության ձևավորմանը, կխթանի ռիսկերի կառավարման ամբողջական և համակարգված մոտեցումը, ինչը կարևոր նախապայման է աղետների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցման համար։
Հիշե՛նք, որ իրազեկվածությամբ, համատեղ ջանքերով և համակարգված մոտեցմամբ կարող ենք կառուցել ավելի ուժեղ, պատրաստ և դիմակայուն հասարակություն։