«Դեբեդը հանկարծ հունից դուրս չգա»․ բնակիչներն ահազանգում են

Դեբեդ գետի ափամերձ գոտում գտնվող՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան և Լոռու մարզի Ալավերդի համայնքների բնակավայրերը, Դեբեդ գետն օգտագործում են որպես ոռոգման աղբյուր։ Բնակիչներն ահազանգում են՝ գետն աղտոտվում է արդյունաբերական թափոններով, որի պատճառով իրենք մեծ նյութական վնասներ են կրել, վնասվել են այգիները, գյուղատնտեսական նշանակության հողերը։ Առկա խնդիրներին գումարվեց նաև 2024 թվականի մայիսին տեղի ունեցած աղետը․ ջրեղեղի հետևանքով խնդիրների շրջանակն ընդլայնվեց։ Խափանվել էր ոռոգման համակարգը, ինչը պատճառ դարձավ երաշտի։ Ոռոգման նոր շրջանին ընդառաջ, արձագանքելով տեղի բնակչության մտահոգություններին, հետաքրքրված ու մտահոգ լրատվամիջոցները Դեբեդի հովտում ծանոթացան մարդկանց խնդիրներին, կրած վնասներին և Դեբեդ գետի էկոհամակարգի պահպանման առկա կարիքներին։

Բնակիչերը հիշեցնում են՝ Դեբեդն իրենց համար կենսական նշանակություն ունի, գետն է իրենց բարեկեցության կարևոր գործոնը, գետն է, որ ոռոգում է իրենց այգիներն և ապահովում գյուղերի հողատարածքների խոնավությունն ու բերրիությունը։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը» բնակիչների ահազանգերի հետքերով սկսել է հանրային արշավ, որի շրջանակում կազմակերպվել էր մեդիա տուր՝ «ՀՀ Կառավարությու՛ն, անհրաժեշտ է մշակել Դեբեդ գետի էկոհամակարգի պահպանման և հոգատարության ազգային ռազմավարություն» ուղերձով։ Ուղերձը մշակվել է մարդկանց խնդիրների ու առաջարկների հիման վրա։

«Վերջին բարձրաձայնումներից հետո, որ տեղի ունեցավ 2023 թվականին, երբ որ մեծ աղտոտում եղավ գետում և բնակիչները վնասներ էին կրել, որոշում կայացվեց քննարկումներ իրականացել բնակչության հետ հասկանալու՝ ինչպես լուծել խնդիրները։ Եզրահանգումն այն է, որ պետք է պետական ռազմավարություն մշակվի Դեբեդ գետի էլոհամակարգի պահպանման համար, և քննարկումները սկսել էին մինչև ջրհեղեղը, որն էլ եկավ ապացուցելու, որ խնդիրներն ավելի լայն են», – նշում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Տեղումների հետևանքով Դեբեդ գետը վարարել է, գետի մակարդակը զգալիորեն բարձրացել։ Մարդիկ անհանգստանում են՝ Դեբեդը հանկարծ հունից դուրս չգա։

Վերջին տեղումներից սարերի ձյան շերտն ավելացավ: Իսկ մեր լեռնաշխարհը խոցելի է դառնում հեղեղումներից, երբ առատ տեղումները համընկնում են եղանակի կտրուկ տաքացմանը. ձյան առատացած հալոցքը կամ սելավի է վերածվում կամ ջրհեղեղի: